28 ապրիլի 2009 - 00:49 AMT
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ճանապարհային քարտեզի մասին համաձայնագրի կնքումը շատ լավ նորություն է
Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ ճանապարհային քարտեզի մասին համաձայնագրի կնքումը շատ լավ նորություն է: Այդ մասին իր խմբագրականում գրում է The Finanacial Times-ը: «1915թ. փլուզվող օսմանյան կայսրության հայ բնակչության զանգվածային ջարդի ու բռնագաղթից ի վեր առաջացած պատմական թշնամությունն ապակայունացնում էր տարածաշրջանը, թունավորում էր ներքին քաղաքականությունը, մեկուսացնում էր Հայաստանը եւ մթագնում էր Թուրքիայի հարաբերություններն Եվրոպայի եւ Ամերիկայի հետ: Այժմ շանս կա, որ վերքերը կարող են սկսել ամոքվել: Սակայն սկզբում նախազգուշացում: Անցած շաբաթ արված հայտարարություններն ոչ մի ակնարկ չեն պարունակում համաձայնագրի հստակ պայմանների կամ դրանց կատարման ժամանակացույցի վերաբերյալ: Կարծես թե, հայտարարությունը հապճեպ է արվել, թույլ տալու համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային 1915թ. կոտորածին նվիրված իր ուղերձում չօգտագործել «ցեղասպանություն» բառը: Սա խելամիտ նահանջ է նախընտրական արշավի ժամանակ որդեգրած իր դիրքորոշումից, ինչը թույլ է տալիս խուսափել Թուրքիայի հետ հարաբերությունների սառեցումից»,-ասվում է «Հայաստանի վիշտը» հոդվածում:

«Այնուամենայնիվ, երկու կարեւոր հարց մշուշոտ է մնում: Պետք է ստեղծվի պատմական հանձնաժողով, որը կուսումնասիրի 1915թ. իրադարձությունները: Ի՞նչ է այն իրենից ներկայացնելու եւ ինչպե՞ս է գործելու: Եթե նա որոշի, որ կոտորածը ցեղասպանություն էր, կամ հակառակը, ցեղասպանություն չէր, միեւնույն է որոշումը կլինի պայթունավտանգ, եթե միայն կողմերը չորոշեն համաձայնվել արդյունքների հետ: Երկրորդը, պետք է հասկանալ, թե ինչ առաջընթաց պետք է գրանցվի Ղարաբաղի հարցում, որպեսզի Թուրքիան լիովին բացի սահմանը:

Կարծես թե, Անկարայում եւ Երեւանում լուրջ մտադրություն կա առաջ ընթանալու ուղի գնտելու առումով, անկախ ընդդիմությունից, որը ներառում է նաեւ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի ազդեցիկ հայկական սփյուռքը: Սակայն երկու կողմերի հանդեպ Վաշինգտոնի, Բրյուսելի, եւ գլխավորապես Մոսկվայի ճնշումը` առաջընթացի հասնելու պահանջով եւ համաձայնության հստակ ժամանակացույց ներկայացնելու վերաբերյալ, շարունակում է պարտադիր պայման մնալ: Միակ երկիրը, որը կարող է փորձել կանխել այդ առաջընթացը, կարող է Ադրբեջանը լինել, որը մտավախություն ունի, թե սահմանի բացումը կարող է ազատել Հայաստանին Ղարաբաղի շուրջ համաձայնության գալու կամ գոնե բուֆերային գոտուց զորքերն ետ քաշելու շուրջ: Սակայն 19 տարի տեւած սահմանի փակումը ոչինչ չտվեց, այդ համաձայնագրի կնքումն արագացնելու առումով: Հակամարտության բոլոր կողմերին հաշտեցում է պետք, ոչ դե դիմակայություն»,-գրում է The Finanacial Times-ը: