Ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը![]() 29 հուլիսի 2023 - 15:23 AMT PanARMENIAN.Net - Ձերբակալվել են դիրիժոր Սերգեյ Սմբատյանն ու նրա հայրը՝ նախկին դեսպան Արմեն Սմբատյանը, հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Հուլիսի 27-ին դատախազի որոշումներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել նրանց և գործարար Ա.Պ.-ի նկատմամբ՝ պետությանը 966 մլն դրամ գույքային վնասպատճառելու կապակցությամբ։ Նշվում է, որ քրեական վարույթով պարզվել է, որ Սմբատյանները և Ա.Պ.-ն 2012 թվականին ՀՀ կառավարությանը ներկայացրել են 800 մլն դրամ արժողության «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու կեղծ ներդրումային ծրագիր և խարդախությամբ հափշտակել «Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված, Երևանի Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով, 166 մլն 103 հազար դրամ արժողությամբ հողամասը: Մասնավորապես՝ Արմեն Սմբատյանը որդի Սերգեյի անվամբ գործարարական գործունեություն չծավալելու պատրվակով, իր ազգական Հ.Ա.-ին համոզել է Ս.Ս.-ի համար հիմնադրել «Սոխոսենթր» ՍՊ ընկերությունը, ինչից հետո վերջինս և 2012-2016 թվականներին ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցրած Հասմիկ Պողոսյանի ի մտերիմ Գ.Դ.-ն 2012 թվականի փետրվարի 17-ին հիմնադրել են այն։ 4 օր անց ընկերության տնօրեն Ն.Կ.-ի կողմից Երևանի քաղաքապետին է ներկայացվել ներդրումային ծրագիր, որով առաջարկվել է Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը 2012 թվականին գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու կապակցությամբ «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու համար «Սոխոսենթր» ընկերությանը տրամադրել Կողբացի 36 հասցեում գտնվող հողամասից առանձնացված 300 քմ մակերեսով հողամասը: Ընկերությունը պարտավորվել է 800 մլն դրամ ներդրումային ծավալ ունեցող «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումից բացի, իրականացնել նաև 102 մլն դրամի լրացուցիչ մակերեսի կառուցապատման աշխատանքներ՝ «Չայկովսկու դպրոցի» պայմանները բարելավելու նպատակով: Երևանի քաղաքապետը եզրակացություն ստանալու համար ՀՀ մշակույթի նախարարին է հասցեագրել առաջարկված ներդրումային ծրագիրը, որին ի պատասխան Հասմիկ Պողոսյանը՝ տեղեկացված լինելով «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից հողատարածքը ոչ ուսումնական նպատակով օգտագործելու և դրա վրա բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու իրական մտադրության մասին, չի առարկել ներկայացված ներդրումային ծրագրի դեմ: Ծրագրին իր համաձայնությունն է տվել նաև դպրոցի տնօրեն Մ.Կ.-ն, որը «Սոխոսենթր» ՍՊ ընկերության տնօրեն Ն.Կ.-ի եղբայրն է: Արդյունքում՝ ՀՀ կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 1052-Ա որոշմամբ, հաստատվել է վերոնշյալ ծրագիրը: Հասմիկ Պողոսյանը լիազորվել է հողամասի ու կաթսայատան նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցման և «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման իրականացման պարտավորություններն ապահովելու նպատակով կնքել գրավի պայմանագիր (որպես գրավի առարկա նախատեսվել է Կողբացի 36 հասցեում գտնվող 300 քմ մակերեսով հողամասը և 35.3 քմ մակերեսով կաթսայատունը` մինչև նշված աշխատանքների ավարտն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով շահագործման հանձնելը): Այնոհետև Պողոսյանն, իր ծառայողական լիազորություններն ի վնաս պետական շահերի օգտագործելով, 2012 թվականի դեկտեմբերի 3-ին «Սոխոսենթր» ՍՊ ընկերության հետ կնքել է «Գույքի օտարման և գրավի» և «Գլխավոր կապալի» պայմանագրեր՝ դրանցում դիտավորությամբ չներառելով Կառավարության որոշմամբ սահմանված գլխավոր ներդրումային պարտավորությունը, այն է՝ «Սոխոսենթր» ՍՊ ընկերության կողմից «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու ներդրումային ծրագրով սահմանված 800 մլն դրամի պարտավորության կատարումը: Արդյունքում՝ նա ընկերության բաժնետերերին հնարավորություն է տվել առանց նշված պարտավորության կատարման՝ 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրանցել ընկերության սեփականության իրավունքը Կողբացի 36 հասցեում հողամասի նկատմամբ՝ պետությանը պատճառելով 966 մլն 103 հազար դրամի գույքային վնաս: Հսկող դատախազի 2023 թվականի հուլիսի 27-ի որոշումներով՝ Արմեն Սմբատյանին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախության կազմակերպիչ), Սերգեյ Սմբատյանի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն) և Ա.Պ.-ի նկատմամբ՝ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի խարդախություն): 2023 թվականի հուլիսի 29-ին Ա.Ս.-ն և Ս.Ս.-ն ձերբակալվել են: Միջոցներ են ձեռնարկվում Ա.Պ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |