28 ապրիլի 2009 - 00:53 AMT
Կիրականացվի՞ արդյոք Ռուսաստանի համար մահացու Nabucco նախագիծը
«Հայաստանի համար վերջին ամիսները հագեցված են արտաքին քաղաքական իրադարձություններով, որոնք համաձայնեցվում են երկրի ազգային անվտանգության հայեցակարգի հետ: Դա հայ-ամերիկյան, հայ-ռուսական եւ հայ-իրանական հարաբերությունների զարգացումն է, ինչպես նաեւ կառուցողական քայլերը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ», - գտնում է կառավարող Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Արմեն Աշոտյանը :

Խոսելով տարածաշրջանային մասշտաբ ունեցող իրադարձությունների մասին` Աշոտյանն ուշադրությունը հրավիրել է ռուս-ադրբեջանական մերձեցման վրա եւ ընդգծել է այդ գործընթացի վտանգավոր լինելը: «Ես կարծում եմ, որ ադրբեջանառուսական հարաբերությունների նոր որակը որոշվում է երկու պայմանով. Թուրքմենստանի հակառուսական քաղաքականությամբ, մասնավորապես շրջանցող տարանցման ուղիների եւ էներգակիրների առնչությամբ, եւ այն բանով, որ Ռուսաստանը փորձում է խոչընդոտել Nabucco նախագծի իրականացմանը»,- հայտարարել է նա: Ընդ որում, ընդգծել է Աշոտյանը, ադրբեջանառուսական հարաբերությունները զարգանում են Հայաստանի շահերի հաշվին: «Արեւմուտքն Ադրբեջանին թույլ չի տա երկրի արտաքին քաղաքական գիծը փոխել 180 աստիճանով եւ դառնալ ռուսամետ», -հայտարարել է նա:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ո՞րքանով է իրական Nabucco նախագծի ֆինանսավորման շարունակումը եւ այդ առնչությամբ ի՞նչ հետեւանքներ կլինեն, Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ Հայաստանը շրջանցող ցանկացած նախագիծ շատ վտանգավոր է երկրի ազգային շահերի համար: «Սակայն, ես կարծում եմ, որ Ռուսաստանն այդպիսի հեշտությամբ չի զիջի իր դիրքերը եւ թույլ չի տա իրականացնել այդպիսի մեծ նախագիծ, թեեւ, առաջին հայացքից թվում է, որ ճգնաժամի պայմաններում Արեւմուտքի համար բարդություն չի լինի իր պայմանները թելադրելը: Սակայն, մյուս կողմից, ճգնաժամն իր գործն է անում նաեւ Եվրոպայում: Ես վստահ չեմ, որ Արեւմուտքն 8 մլրդ դոլար կտրամադրի Nabucco-ի կառուցման համար», - հայտարարել է Աշոտյանը: