1 օգոստոսի 2023 - 17:38 AMT
Պետդեպ․ ԱՄՆ-ն տեղյակ է Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին

ԱՄՆ-ն տեղյակ է «Լաչինի միջանցքի անցակետում Վագիֆ Խաչատրյանի կալանավորման մասին, ում մարդասիրական միջազգային կազմակերպության ուղեկցությամբ տեղափոխում էին Հայաստան բուժման նպատակով»։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարությունն ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը։

Պետքարտուղարությունը հավելել է, որ ընդհանուր առմամբ, «Միացյալ Նահանգները շարունակում է խորապես մտահոգված լինել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար շարունակաբար փակ պահելու կապակցությամբ»:

Ըստ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության՝ մարդասիրական տեղաշարժի դադարեցումն էլ ավելի է վատթարացնում հումանիտար իրավիճակը և խափանում խաղաղ գործընթացի նկատմամբ վստահություն ձևավորելու ջանքերը:

«Առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով պետք է անհապաղ վերականգնվի», ասված է պետքարտուղարության արձագանքում:

«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության պաշտպանությունը։ Մենք ողջունում ենք երկխոսությունը, որն առաջնոդվում է այս նպատակով»- ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարությունն իր պատասխանում:

Հուլիսի 29-ին որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի` Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված, մոտ 10 րոպե անց «Շևրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: