1 օգոստոսի 2023 - 15:36 AMT
ՊՆ նախկին ղեկավար․ Չենք հաշվարկել, որ Թուրքիայի զինուժը կարող է հայտնվել Արցախյան թատերաբեմից 45, 25 կմ հեռավորության վրա

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ԱԺ քննիչ հանձնաժողովում, հաստատելով ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի այն պնդումը, որ վերջինս ԱԽ-ում զեկուցել է, որ ԶՈւ-ն պատրաստ չէ դիմակայել հակառակորդի ագրեսիային և պետք է պատերազմը կանգնեցնել քաղաքական միջոցներով, խոսել է նաև դրա հիմնական պատճառի մասին։

Նա նշել է, որ այդպիսի զեկույցի հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունը՝ չեն հաշվարկել, որ Թուրքիայի զինուժը կարող է հայտնվել Արցախյան թատերաբեմից 45, 25 կմ հեռավորության վրա, հայտնում է Sputnik Արմենիան։

«Առաջինը զեկույցը ստացել եմ ես։ Դուր է եկել այդ զեկույցը ինձ, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք ներկայացնել մեր մոտեցումը և վարչապետին, և ԱԽ-ին, քանի որ հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածությունը, որը մեզ համար տեսանելի էր՝ խոսքը Թուրքիայի մասին է։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ այդ ներգրավումն իրականացվում էր, ոչ թե նախիջևանյան ուղղությամբ, այլ այսպես ասած «ձիու քայլով»՝ արցախյան թատերաբեմում, ինչը որևէ կերպ հաշվարկված չէր մեր կողմից, այդպիսի հաշվարկ մեր կողմից չի եղել։ Մենք չենք հաշվարկել որ Թուրքիայի զինուժը անմիջապես կարող է հայտնվել Արցախյան թատերաբեմից 45, 25 կմ հեռավորության վրա՝ իրականացնելով թռիչքներ»,-ասել է նա։

Ըստ նրա` երկու անգամ սպառնալիքների գնահատման ճշգրտում է եղել, վերջինը եղել է 2016-18 թթ.։

«Այս ընթացքում մենք գնահատել ենք նաև մեր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Վերջին շրջափուլում աշխարհաքաղաքական նման պրոցեսներ չէին ընթանում։ Այս հարցին ավելի մանրամասն փակ նիստում կանդրադառնամ, քանի որ մենք նաև հաշվի ենք առել դաշնակցի և դաշինքի մասնակցությունը, որում գտնվում էինք»,– ընդգծել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։