1 օգոստոսի 2023 - 17:00 AMT
ՊՆ նախկին ղեկավար․ Հրատապ է վարչապետին օժտել գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարել է, որ հրատապ է վարչապետին օժտել գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվել է, թե ո՞ւմ առաջարկով են նախքան պատերազմի վերսկսումը կրճատվել ԶՈւ հիմնական ռեզերվ հանդիսացող առաջին բանակային կորպուսի զորամասերը: Տոնոյանը խոստացավ այս մասին խոսել փակ նիստում, հայտնում է «Առավոտը»։

«Բնական է, որ ՊՆ նախարարին զեկուցվում են ԶՈւ-ի այս կամ այն առաջնահերթություններն ու փոփոխությունները: Կարող եմ ասել, որ ռեզերվային կրճատված ստորաբաժանումների հաշվին ձևավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության մարմիններ՝ տարբեր կորպուսներում: Դրա հիմնավորումը եղել է կոլեգիալ ԶՈւ-ի հիմնավորումը: Ես համաձայնել եմ այդ որոշման հետ, քանի որ գտել եմ, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների ստեղծումը, ձևավորումը շատ ավելի կարևոր է, քան թե թղթի վրա ներկայացված ստորաբաժանումները»,-ասել է նա։

Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ այդ որոշումը կայացվել է Արտակ Դավթյանի ժամանակ, իսկ Օնիկ Գասպարյանը ափսոսանք է հայտնել, որ մինչ իր նշանակվելը նման որոշում է կայացված եղել: Տոնոյանն արձագանքել է, որ եթե Օնիկ Գասպարյանն ափսոսել է ու գտել է, որ փոփոխություն էր անհրաժեշտ այդ որոշման մեջ, կարող էր ինքն այդ փոփոխությունը ներկայացնել:

Անդրանիկ Քոչարյանը խնդրել է գնահատական տալ ՀՀ ՊՆ-ի և ԶՈւ-ի կառավարման ամբողջ համակարգին իր պաշտոնավարման ընթացքում՝ 2018-2020-թթ․՝ լա՞վ էր, վա՞տ էր:

Տոնոյանը պատասխանել է. «Խաղաղ պայմաններում կառավարման համակարգը իհարկե, ունեցել է իր թերությունները, որոնք մենք շտկում էինք և օրական, և կազմակերպչական առումով, բայց պաշտպանությանը վերաբերող հարցերը անընդհատ փոփոխության մեջ են: Այդ մարմինն անընդհատ մոդեռնիզացվում է, վերաձևակերպվում է, սպառազինվում է: Իմ գնահատականը եղել է բավարար, բայց ոչ բավարար՝ այդ աստիճանի և ծավալի ռազմական գործողությունների վարման առումով»: Թե որոնք են եղել թերությունները, Տոնոյանը խոստացավ անդրադառնալ փակ նիստում: Նա ասաց, որ այն, ինչի հետ առնչվել է ինքը, դրա հետ առնչվել են նաեւ ԳՇ պետն ու վարչապետը և տվեց եզրակացություն. «Հրատապ է վարչապետին օժտելու գերագույն հրամանատարի լիազորություններով՝ նաև խաղաղ պայմաններում»:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։