1 օգոստոսի 2023 - 17:57 AMT
Տոնոյան․ Մեղրիում իմ աչքերով տեսա ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի կայանը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ասել է, որ պատերազմի օրերին Մեղրիում իր աչքերով է տեսել ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի կայանը, որի վերաբերյալ եղել է հայկական կողմի հրապարակային արձագանքը։

«Ինքս եմ նկարահանել, դա եղել է հոկտեմբերի 25-27-ը եղած ժամանակահատվածում»,- ասել է նա՝ հավելելով, որ հստակ, համադրված գործակցություն էր հաստատվել ՌԴ սահմանապահների հետ։

Տոնոյանը խոսել է այդ մասին՝ պատասխանելով այն հարցին, թե 2020-ի հոկտեմբերի 29-ին ի՞նչ էր անում պաշտպանության նախարարը Մեղրիում։

Տոնոյանն ասել է, որ իր՝ Մեղրիում գտնվելու հիմնավորման գնահատականը պետք է տա իր այդ ժամանակվա վերադասը` վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտնում է

https://www.1lurer.am/hy/2023/08/01/%D4%BB%D5%B4/971165

«Ինչ վերաբերում է այն իրադրությանը, իրավիճակին, երբ ես հայտնվեցի Մեղրիում՝ ՀՀ պետական սահմանից 2-5 կմ հեռավորության վրա, ունեինք մեծ քանակությամբ զոհեր։ Վիրավորված էին Մեղրի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց այսօր արդեն գեներալի կոչում ունեցող Գյոզալյանը։

Կարծում եմ, պաշպանության նախարարի հայտնվելը Մեղրիում լուրջ ազդեցություն ունեցավ և բնակչության, և ԶՈւ ստորաբաժանումների վրա, որոնք առաջնագծում խնդիրներ էին կատարում։ Կան փաստական տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈւ ստորաբաժանումները բավականին հաջող գործեցին այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին»,-ասել է ՊՆ նախկին ղեկավարը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։