1 օգոստոսի 2023 - 18:23 AMT
ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել Բաքվին Վագիֆ Խաչատրյանի մասին տեղեկություն տրամադրելու համար

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել Ադրբեջանին մինչև օգոստոսի 8-ը տրամադրել ժամանակ Վագիֆ Խաչատրյանի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին: Այդ մասին ասվում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի ֆեյսբուքյան էջում։

«Ադրբեջանը պարտավոր է դատարանին տեղեկություններ հայտնել այդ անձի գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի, ստացած բուժօգնության և հնարավոր վերադարձի մասին»,–ասվում է գրառման մեջ։

Հուլիսի 29-ին որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը առևանգվել է Հակարիի կամրջի մոտի անցակետում Ադրբեջանի սահմանապահ ծառայության կողմից։ Ըստ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի` Խաչատրյանին և ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի օտարազգի ներկայացուցչին նստեցրել են «Նիվա» մակնիշի մեքենա, որը ուղևորվել է դեպի Հակարիի կամրջի ներքևի հատված, մոտ 10 րոպե անց «Շևրոլե» մակնիշի մեքենայով ԿԽՄԿ ներկայացուցիչը վերադարձել է «անցակետ», իսկ Վագիֆ Խաչատրյանը տարվել է անհայտ ուղղությամբ։ Ըստ վկայության՝ ԿԽՄԿ ներկայացուցչին ադրբեջանցիները հրելով դուրս են հանել մեքենայից։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։

Խաչատրյանի՝ ադրբեջանցիների կողմից առևանգման փաստով Արցախում քրգործ է հարուցվել։ Վագիֆ Խաչատրյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով: