1 օգոստոսի 2023 - 18:43 AMT
Բաքուն հայտարարել է, թե ԼՂ ներկայացուցիչների հետ հանդիպումը Եվլախում է լինելու՝ աշխատանքներ են տարվում

Բաքուն հայտարարել է, որ աշխատանք է տարվում, որ Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև հանդիպումը տեղի ունենա Եվլախում, գրում է ադրբեջանական Trend-ը։

Ընդ որում նշվում է, որ դա լինելու է հանդիպում «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայ փոքրամասնության ներկայացուցիչների հետ»։

Նշվում է նաև, որ այդ հանդիպման մասին առաջարկը չի բխում որևէ երրորդ կողմից, այն անցնելու է «առանց օտարերկրյա պետությունների ներկայացուցիչների մասնակցության»։

Մինչդեռ Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը հուլիսի 31-ին ֆեյսբուքյան եթերում հայտարարել էր, որ Մոսկվան է առաջարկում գնալ Եվլախ հանդիպման, ինչը նա այս պայմաններում որակել էր որպես «անարգանք ու ծաղր»։

Նա ասել էր նաև, որ օգոստոսի 1-ին Բրատիսլավայում պետք է կայանար հանդիպում Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, սակայն Ադրբեջանը առանց որևէ բացատրության հրաժարվել է մասնակցությունից։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ որոշակի ակտիվացում է նկատվում իրավիճակի կարգավորման նպատակով իրականացվող միջազգային ջանքերում:

«Ամփոփելով այս օրերին մեր և միջազգային կոնկրետ դերակատարների կողմից իրականացվող որոշ գործընթացների միջանկյալ արդյունքները՝ ես նախատեսում եմ մի քանի օրից բացառիկ հարցազրույց տալ Արցախի հանրային հեռուստատեսությանը: Այդ միջոցով հնարավորինս բաց կերպով կներկայացնեմ իրավիճակը, ռիսկերն ու հեռանկարները»,-ասել է նա։