1 օգոստոսի 2023 - 18:53 AMT
Տոնոյան. Չեմ ընդունում այն մոտեցումը, որ բանակի համար ինչ ուզել են՝ տվել են

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ ինքը երբեք չի եղել քաղաքական թիմի անդամ՝ զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը։

«Ցավոք, կամ ինչպես ասել էր վարչապետը՝ բարեբախտաբար, թե դժբախտաբար, առանց այլևայլության, ես եղել եմ կառավարության անդամ ու չեմ զգացել, որ վարչապետը ինձ չի վստահում։ Բայց ես քաղաքական թիմի անդամ չեմ եղել և կուսակցական բնույթի որոշումների ձևավորմանը չեմ մասնակցել ու չեմ կատարել։ Հիմա ձեր նախարարը քաղաքական թիմի անդամ է և ամբողջ ծավալով կարող եք հարցադրումներն անել նրան որպես թիմի անդամի»,- ասել է Տոնոյանը՝ արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի հարցադրմանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Իշխող ուժի պատգամավորը Դավիթ Տոնոյանից ակնկալում էր գնահատական վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը, նշելով, որ ինքը՝ Տոնոյանը, ևս եղել է իրենց քաղաքական թիմի կառավարության անդամ։ Միաժամանակ Սարգսյանը հետաքրքրվել էր, թե արդյոք եղել են հարցեր, որոնք բարձրացրել է ու լուծում չեն ստացել։

Տոնոյանը, հայտարարելով, որ ինքը քաղաքական թիմի անդամ չի եղել, միաժամանակ հրաժարվել է գնահատական տալ Փաշինյանի գործունեությանը։

«Ես եղել եմ իր ենթական և ես չէ, որ պետք է իր (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի – խմբ) գործողություններին գնահատական տամ։ Դա կոռեկտ չեմ համարում»,- ասել է Տոնոյանը՝ միաժամանակ չհամաձայնելով այն ձևակերպման հետ, թե բանակի համար ինչ ուզել են՝ տվել ենք։

Այս արտահայտության հեղինակը վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը քննիչ հանձնաժողովում հայտարարել էր, թե զինված ուժերն ինչ իրենից ուզել է՝ տվել են։

«Չեմ ընդունում այն մոտեցումը, որ ինչ ուզել են՝ տվել են։ Ես այդպես չէի ձևակերպի»,- ասել է Տոնոյանը, սակայն ավելացրել, որ իր վարչապետի կողմից չի նկատել որևէ խոչընդոտ՝ որպես պաշտպանության նախարար իր գործառույթների իրականացման ընթացքում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դատարանը բավարարել է պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի միջնորդությունը` օգոստոսի 1-ին և 2-ին մասնակցել հանձնաժողովի նիստերին։