2 օգոստոսի 2023 - 16:27 AMT
Զախարովա․ Անհասկանալի են ԼՂ-ից ռուս խաղաղապահներին դուրս բերելու հնարավոր որոշման մասին դատողությունները

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ «միանգամայն անհասկանալի են ԼՂ-ից ռուս խաղաղապահներին դուրս բերելու հնարավոր որոշման մասին դատողությունները», հատկապես այնտեղ ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի ֆոնին»։

Նա ասել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահների մասին ի ցույց են դնում այն երկիմաստությունը, որը Երևանում հաճախ որդեգրվում է առանցքային հարցերում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ռուս խաղաղապհները որոշեն հեռանալ Լեռնային Ղարաբաղից, դա կնշանակի, որ տարածաշրջանի բնակչությանն այլևս սպառնալիք չկա։

«Բոլորին է հայտնի, որ մեր խաղաղապահները կարևոր գործառույթներ են կատարում՝ դա և գերիների փոխանակումն է, և ականազերծումը, միջադեպերի կարգավորումը, հումանիտար օգնության տրամադրումը։ Ցավոք, հաճախ տեսնում ենք, որ ՀՀ ղեկավարության ներկայացուցիչները երկիմաստ դիրքորոշում են որդեգրում մի շարք առանցքային հարցերում, ուստի ցանկալի կլիներ, որ այս կետով երկիմաստություն չլինի, քանի որ բառերով աճպարարությունը լավ տեղ չի տանում»,-ասել է Զախարովան։

«Այն բանից հետո, երբ Հայաստանի ղեկավարությունն ադրբեջանական է ճանաչել Լեռնային Ղարաբաղը, որևէ հանդիմանություն Ռուսաստանի հասցեին ջանքերի ոչ բավարար լինելու առումով ամենևին տեղին չէ»,-ասել է Զախարովան։

Նա նշել է՝ Մոսկվան շահագրգռված է , որ Բաքու-Երևան հարաբերությունները կարգավորվեն և ՌԴ կողմից այդ ուղղությամբ ակտիվության նվազում չկա, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք եղել և մնում ենք շահագրգիռ, որ առաջընթաց գրանցվի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։ Մենք ամեն ինչ անում ենք տարածաշրջանում կայուն խաղաղության և հաշտեցման հաստատման համար, և դա լիովին վերաբերում է նաև Հարավային Կովկասին ու մեր մյուս պարտավորություններին, որոնք մենք նույնպես կատարում ենք։ Ակտիվության ի՞նչ նվազման մասին կարող է խոսք լինել, եթե վերջին մի քանի ամսում մի ամբողջ շարք շփումներ են եղել ՌԴ մասնակցությամբ տարբեր մակարդակներում»,- ասել է նա։

Զախարովան նաև ասել է, որ բարձրագույն մակարդակով բազմիցս է նշվել ռուս խաղաղապահ զորակազմի առանցքային ներդրումը նրա տեղակայման գոտում անվտանգության ապահովման առումով, շեշտվել է նրա գործողությունների պահանջարկն իրավիճակի կարգավորման մասով։