2 օգոստոսի 2023 - 18:27 AMT
Դավիթ Գալստյանը կրկին կալանավորվել է՝ «ազատության մեջ գործի քննությանը խոչընդոտելու հիմքով»

Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը, որն առավելապես հայտնի է «Պատրոն Դավո» մականունով, կրկին կալանավորվել է, հայտնում է «Ազատությունը»։

Գալստյանը հուլիսի վերջին առաջին ատյանի դատարանի կողմից ազատ էր արձակվել 40 միլիոն դրամ գրավի դիմաց։

Ըստ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ)՝ մեղադրանքի կողմը դատարանին ներկայացրել է նոր փաստեր առ այն, որ ամբաստանյալը հայտնվելով ազատության մեջ փորձել է խոչընդոտել գործի քննությանը՝ դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով։

Դավիթ Գալստյանը մեղադրյալի կարգավիճակ ունի մի քանի գործով։ Դրանցից մեկը վերաբերում է անպիտան հրթիռներ ձեռք բերելուն, որով նաև պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն է անցնում։ 2021թ–ի սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնեց, որ Տոնոյանն ու Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։