4 օգոստոսի 2023 - 10:27 AMT
Ալիևը հուսով է շուտափույթ արդյունքների հասնել ՀՀ հետ բանակցություններում

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարության Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը քննարկել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացը», հայտնում է «Ազատությունը»։

Ադրբեջանի նախագահականի փոխանցմամբ՝ Ալիևը «շարունակել է մտքերի փոխանակումն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցի ժամանակ բարձրացված հարցերի շուրջ»։ Թե հատկապես որ հարցերի՝ հաղորդագրությունում չի նշվում։

«Նախագահ Իլհամ Ալիևը ևս մեկ անգամ վերահաստատել է ադրբեջանական կողմի վճռականությունը շարունակելու խաղաղ գործընթացը և բանակցությունների շրջանակում քննարկված հիմնական ուղղություններով արդյունքների շուտափույթ ձեռքբերման հույս հայտնել», - տեղեկացնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ Բոնոյին ընդունել էր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, քննարկվել էին հայ-ադրբեջանական բանակցային գործընթացն ու դրա հեռանկարները, տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Հանդիպմանը նաև Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը պնդել էր, թե Լեռնային Ղարաբաղի բնակչությանը շրջափակման մեջ պահելու մասին հայտարարությունները «անհիմն են», նշելով՝ որպես Լաչինի միջանցքի այլընտրանք Բաքուն առաջարկել է Աղդամի ճանապարհը։