4 օգոստոսի 2023 - 17:45 AMT
Աքչամ. Ադրբեջանը ցանկանում է վտարել Ղարաբաղի հայերին ու վերջ տալ նրանց գոյությանը պատմական հողում

Թուրք պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամը դասական էթնիկ զտման քաղաքականություն է որակել Ադրբեջանի գործողությունները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ։ Այդ մասին նա ասել է՝ պատասխանելով «Օրբելի» վերլուծական կենտրոնի հարցմանը՝ գնահատելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։

«Այն դեպքերը, որոնք մեր աչքի առջև կատարվում են Ղարաբաղում, բացահայտ մարդկային ողբերգություն են թե՛ երկկողմ, թե՛ միջազգային պայմանագրերի բացահայտ խախտում։ Իրավիճակը հնարավոր է գնահատել որպես «դասական էթնիկ զտման» քաղաքականություն։

Ադրբեջանը Թուրքիայից ևս ստացած աջակցությամբ ցանկանում է վտարել Ղարաբաղի շրջանի բոլոր հայերին և վերջ տալ հայերի գոյությանը նրանց պատմական հողերում։

Բավականին մեծ է հավանականությունը, որ առայժմ միայն տնտեսական և տրանսպորտային շրջափակմամբ սկսված նախաձեռնությունը կվերաճի մասշտաբների, որ կներառի բռնություն»,- նշել է նա։

Ըստ Աքչամի՝ ցավալին է, որ միջազգային հանրությունը՝ Ռուսաստանի գլխավորությամբ, լռում է այս զարգացումների մասին և բավարարվում միայն դիտելով։

«Իմ ամբողջ հույսն այն է, որ միջազգային հանրությունը դուրս գա խորը քնից և, Ադրբեջանի վրա ճնշում գործադրելով, միջնորդ կլինի լուծման համար, որը կերաշխավորի Ղարաբաղի հայերի հիմնարար մարդու իրավունքները։

Մարդու իրավունքները պաշտպանելը և անիրավությունները կանխելն ամեն ինչն ավարտվելուց հետո բացվող հովանոց չէ։ Էթնիկ զտումները և/կամ ցեղասպանությունները կանխելը կոկորդիլոսի արցունքներ թափելը չէ այն բանից հետո, երբ տեղի են ունենում վախենալի բաներ։ Եթե ցանկանություն է կա, որպեսզի ի հայտ չգան մեծ ողբերգություններ, ավելի ակտիվ միջամտությունը պարտադիր է»,- նշել է նա։

Աքչամը նաև հույսն է հայտնել, որ անհրաժեշտ միջազգային ճնշմամբ և երկկողմ հանդիպումներով առկա իրավիճակը հանգուցալուծվի՝ նշելով, որ իր սիրտը Ղարաբաղի ժողովրդի հետ է, «որը դեմ առ դեմ է լուրջ սպառնալիքների հետ»։

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը՝ այն պատճառաբանությամբ, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։