28 ապրիլի 2009 - 17:55 AMT
Երեւանում բացվել է «Յուվենտուսի» երկրպագուների «ArmJuve» ակումբը
Երեւանում բացվել է «Յուվենտուսի» ֆան-ակումբ: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ին նախաձեռնող խմբում, ֆան-ակումբի նախագահ Հովհաննես Գրիգորյանը հայտարարել է, որ ակումբի ստեղծման նպատակը «Ծեր սենյորայի» բոլոր երկրպագուների համախմբումն է եւ Հայաստանում ֆուտբոլի զանգվածայնացումը:

«Մեր ակումբի պաշտոնական բացումը նախատեսում ենք կազմակերպել մայիսին: Սակայն դեռ ստույգ ամսաթիվ չկա: Մեր ակումբի կարգախոսն է` «Մենք առաջինն ենք», եւ նրա անդամ կարող է դառնալ յուրաքանչյուր ցանկացող` անկախ սեռից եւ տարիքից: Մենք արդեն 30-ից ավել անդամներ ունենք, եւ այդ թիվն անընդհատ աճում է: Մենք նաեւ նախատեսում ենք պաշտոնապես գրանցվել թուրինյան ակումբում, ինչը կօգնի մեր ակումբի միջոցով ներկայացնել Հայաստանն ամբողջ աշխարհում»,- նշել է Գրիգորյանը:

Հայաստանում գոյություն ունեն մի շարք ուրիշ ֆան-ակումբներ, այդ թվում` Արսենալի, Մանչեսթրի, Բարսելոնայի, Ինտերի, Լիվերպուլի, Միլանի, Այաքսի, որոնք սեփական նախաձեռնությամբ ստեղծել են սիրողական առաջնություն: «ArmJuve» ակումբը եւս մասնակցում է առաջնությանը եւ ներկա պահին մրցաշարային սանդղակում զբաղեցնում է 2-րդ տեղը:

ArmJuve-ը պաշտոնական բացումից հետո ծրագրում է համագործակցել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: