17 օգոստոսի 2023 - 12:20 AMT
CaseKey մրցույթի հաղթողները` Team Telecom Armenia-ի բաժնետերեր

CaseKey 2023-ի եզրափակիչ անցած թիմերը ներկայացրել են Team Telecom Armenia-ի բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխման (IPO) քեյսի վերաբերյալ իրենց առաջարկները։ Հաղթող LogX թիմի անդամներին CaseKey-ի կազմակերպիչները կտրամադրեն Team Telecom Armenia-ի բաժնետոմսեր։

Մրցույթին մասնակցել է 22 թիմ, որից միայն 6-ին է հաջողվել հասնել եզրափակիչ։ Մասնակիցները լուծումներ առաջարկելու համար ունեցել են ընդամենը 72 ժամ։

Հաղթող թիմի առաջարկը վերաբերվում է ամպային խաղերի շուկայում գործունեություն ծավալելուն։

Այս քայլի շնորհիվ ընկերության հաճախորդները կկարողանան թվային խաղերը խաղալ առանց համակարգիչը ծանրաբեռնելու և խաղային կոնսոլներ գնելու։

Խոսելով մրցույթի մասին՝ LogX-ի անդամ Լիլի Գասպարյանը կարևորել է ուսանողների կապը իրական բիզնեսների հետ։

«Աշխատելով իրական հայկական քեյսի շուրջ՝ մեր թիմով կարողացանք բազում հետազոտություններ ուսումնասիրել և գտնել լավագույն առաջարկներից մեկը ժամանակակից հեռահաղորդակցության ոլորտում։ Անչափ ուրախ ենք, որ CaseKey-ն և Team Telecom Armenia-ն տվեցին հնարավորություն լուծել այս քեյսը և ստանալ մեկնաբանություն անմիջապես ղեկավար կազմից»,-ասել է նա։

Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը, որը նաև ժյուրիի կազմում էր, ընդգծել է նման խոշոր նախագծերում հաջողելու համար երիտասարդ մասնագետների ներգրավվածության կարևորությունը։

«Այս քեյսը յուրահատուկ և, միևնույն ժամանակ, բարդ էր իր բովանդակությամբ, քանի որ Հայաստանում IPO-ի դուրս եկած ընկերությունները քիչ են, իսկ տելեկոմ ոլորտում Team Telecom Armenia-ն առաջինն է։ Հաղթող թիմի առաջարկած լուծումները և՛ իրատեսական էին, և՛ կիրառելի։ Հետագայում մենք կունենանք ավելի խորքային քննարկումներ մասնակիցների առաջարկները կյանքի կոչելու համար»,-ասել է նա։

Մինչև CaseKey հիմնական մրցույթը ուսանողական թիմերը ամբողջ տարվա ընթացքում մասնակցում են թրեյնինգների և սովորում լուծել գործող բիզնեսների խնդիրներ:

Նախագծի հիմնադիր Արշակ Կարապետյանը նշել է, որ Team Telecom Armenia-ի կողմից առաջադրված քեյսն ունի ոչ միայն մրցութային և կրթական, այլև ճիշտ բիզնես մշակույթ ներկայացնող նշանակություն, որը պետք է վարակիչ լինի Հայաստանի այլ բիզնեսների համար։ Յուրաքանչյուր մեծ նախաձեռնություն պետք է ունենա ոչ միայն ֆինանսական, այլև հանրային կարևորություն։ Նա նաև առանձնացրել է հաղթող թիմի անդամների կողմից բաժնետոմսեր ստանալու փաստը՝ շեշտադրելով երիտասարդների շրջանում ներդրումային մտածելակերպի զարգացման կարևորությունը։

Մրցույթի եզրափակիչ փուլի ժյուրիի անդամներն էին Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս և «Ներքին աուդիտորների ինստիտուտ»-ի համահիմնադիր Արա Չալաբյանը, Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանը և ֆինանսական տնօրենի տեղակալ Մարիաննա Գյուլումյանը, ՀՀ Կենտրոնական բանկի ֆիանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, ինչպես նաև JI PEPSI-COLA BOTTLER ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Դանիելյանը։