28 ապրիլի 2009 - 18:00 AMT
ԵԽԽՎ պատվիրակներին ներկայացվել են Սամցխե-Ջավախքի հայ բնակչության խնդիրները
Հայրենադարձության եւ յուրացման «Երկիր» հասարակական կազմակերպությունների միությունը ապրիլի 27-ին չորս լեզուներով (հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն ) կազմված նամակով դիմել է ԵԽԽՎ պատվիրակներին` ահազանգ հնչեցնելով 2008թ. հուլիսից ի վեր Սամցխե-Ջավախքում ընթացող զարգացումների կապակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել են «Երկիր» միությունում:

«Այս նամակով մենք ցանկանում ենք նախազգուշացնել Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին Վրաստանի գործողությունների մասին, որն իր հայ փոքրամասնության նկատմամբ իրականացնում է սիստեմատիկ խտրական քաղաքականություն: Այդ քաղաքականության գագաթնակետը դարձան հուլիսի 17-ին սկիզբ առած երկրամասի մի շարք քաղաքական ակտիվիստների ձերբակալությունները, որոնք պահանջում էին իրենց լեզվական, մշակութային, կրոնական եւ սոցիալ-տնտեսական իրավունքների իրականացմունը»,- նշվում է Միության նամակում: Ինչպես այնտեղ ասվում է, վերջին ութ ամիսը Սամցխե-Ջավախքի հայ բնակչությունը (մոտավորապես 120,000 մարդ) հանդիսանում է ոստիկանության եւ այլ ուժային կառույցների կամայականությունների զոհը:

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինք շարժման առաջնորդ Վահագն Չախալյանի գործով դատավճիռը դարձավ արդարադատության ծաղրերգության գագաթնակետը, քանի որ պաշտպանական կողմի իրավունքները սիստեմատիկ կերպով խախտվում էին: Այսպես, Վրաստանի արդարադատության նախարարությունը մերժեց ֆրանսիացի փաստաբան, Փարիզի փաստաբանական կոլեգիայի անդամին Վահագն Չախալյանին պաշտպանելու իրավունքից: Անգամ Վրաստանի հանրային պաշտպան Սոզար Սուբարին վիճարկեց այդ որոշումը` բնորոշելով այն «ոչ սահմանադրական»,- ընդգծվում է «Երկիր» միության նամակում:

«Վրաստանը միջազգային հանրության առջեւ հռչակում է իր հավատարմությունը եվրոպական ժողովրդավարական արժեքներին, մարդու եւ փոքրամասնությունների իրավունքների պահպանումը` հայտարարելով, որ հպարտ է իր բազմաէթնիկությամբ: Ցավոք, իրականությունը բոլորովին այլ է, քանի որ վրացական իշխանություններն իրականացնում են սեգրեգացիոն քաղաքականություն`ներդնելով վրաց լեզվի ոչ այլընտրանքային օգտագործումը, ամեն միջոցներով աջակցելով բացառապես Վրաց ուղղափառ եկեղեցուն եւ իրականացնելով փոքրամասնությունների ձուլման եւ վերացման քաղաքականություն: Մենք դիմում ենք Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովին վրաց իշխանությունների կողմից Վրաստանի հայության նկատմամբ իրականացվող այս մեկուսացման եւ հալածանքների քաղաքականությունը կասեցնելու նպատակով բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկելու խնդրանքով»,- նշվում է նամակում:

Ապրիլի 29-ին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նստաշրջանի 2-րդ նիստի ընթացքում խորհրդարանականները քննարկելու են Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ պատերազմի հումանիտար հետեւանքները, ինչպես նաեւ Վեհաժողովի № 1647 եւ № 1648 բանաձեւերի կատարման նպատակով իրականացված միջոցները: