ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերը

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 28-ին Երեւանում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կլաուդիո Բիզոնյերոյի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Հայաստանը մտադիր է ամրապնդել եւ զարգացնել Դաշինքի հետ համագործակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Էդվարդ Նալբանդյանը կարեւոր նշանակություն է տվել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրին (IPAP)` որպես արդյունավետ համագործակցության ձեւաչափ: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հանրապետությունը կշարունակի ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը խաղաղապահական առաքելություններում, միջազգային ահաբեկչության դեմ պայքարում, տարերային աղետների հետեւանքները վերացնելու գործում:



Իր հերթին Կլաուդիո Բիզոնյերոն, կարեւոր նշանակություն տալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը, նշեց, որ Հյուսիսատլանտյան դաշինքը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունը եւ IPAP Գործողությունների ծրագրի արդյունքների իրականացումը 2006-2008 թթ.:



ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը հույս հայտնեց, որ հաջողությամբ իրագործվելու է Հայաստան- ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը 2009-2010թթ.: Կլաուդիո Բիզոնյերոն Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեց Ստրասբուրգում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքները: Տարածաշրջանային հարցերի քննարկման ենթատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը գոհունակություն հայտնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում արձանագրված առաջընթացի կապակցությամբ` ընդգծելով, որ ՆԱՏՕ-ն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բնականոն հարաբերությունների հաստատմանն ուղղված քայլերը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---