22 օգոստոսի 2023 - 13:42 AMT
Արցախում կտրոն ստացած անձինք պետք է պահեստ գան ձեթի համար սեփական տարայով

Արցախում կտրոն ստացած անձինք պետք է պահեստ ներկայանան ձեթի համար նախատեսված տարայով և տեսակավորման համար տոպրակներով։ Այդ մասին հայտարարել է ԱՀ Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։

«Նախարարությունը խնդրում և հորդորում է նախարարության կողմից սննդամթերք ստանալու նպատակով կտրոն ստացած անձանց պահեստ ներկայանալ պարտադիր ձեթի համար նախատեսված տարայով և տեսակավորման համար անհրաժեշտ 5 հատ տոպրակով:

Սննդամթերքը կտրամադրվի միմիայն դրանց առկայության դեպքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հուլիսի 26-ին ՀՀ-ն մարդասիրական մոտ 400 տոննա օգնությամբ շարասյուն է ուղարկել Արցախ։ Երևանից դեպի Արցախ ուղևորվող 19 բեռնատար մարդասիրական օգնությունը մինչ օրս Կոռնիձորի սահմանային հատվածում է։ Հումանիտար բեռն Արցախ մտցնելու համար հարկավոր է ստանալ տեղում ծառայություն իրականացնող ռուսական խաղաղապահ զորամիավորման համաձայնությունն ու արձագանքը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե հումանիտար շարասյան անցումը չի համաձայնեցվել Բաքվի հետ, իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե «խաղն ավարտված է»։ Նա հայտարարել է, թե Բրյուսելում կայացած հանդիպմանն, իբր, պայմանավորվածություն է ձեռք բերվել Աղդամով անցնող ճանապարհն օգտագործել մատակարարումների համար՝ հավելելով, որ «այդ հարցը նշված է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարության մեջ»։ Հայկական կողմը հայտարարել է, որ նման պայմանավորվածություն չի եղել։