22 օգոստոսի 2023 - 14:47 AMT
Բելգիայի ԱԳ նախարար․ Նոր խորհրդակցություններ պետք է լինեն Բրյուսելում, նաև Երևանում և Բաքվում

Հայաստանում գտնվող Բելգիայի ԱԳ նախարար Հաջա Լաբիբը նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Բելգիան վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը հաղթահարելու միակ ճանապարհը բանակցություններն ու փոխզիջումներն են։

«Նոր խորհրդակցություններ պետք է տեղի ունենան Բրյուսելում, ինչպես նաև Երևանում և Բաքվում, մենք հույս ունենք, որ դրանք պատմական շրջադարձի կհասնեն։ Դրան հասնելու համար, գիտեք, որ կարող եք ձեր հույսը դնել Եվրամիության վրա»,– ասել է նա, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա հավելել է, որ այստեղ է նաև աջակցելու այն հակամարտության կարգավորմանը, որը 100 տարի ի վեր չի գտնում լուծում, և արդեն իսկ չափազանց շատ զոհեր է տվել։

«Ես ասել եմ, թե որքան մտահոգված է Բելգիան Լեռնային Ղարաբաղի լարվածության կապակցությամբ։ Ես հստակորեն ասում եմ միակ ճանապարհն այս պատմական հակամարտությունից դուրս գալու համար բանակցությունների և փոխզիջումների ճանապարհն է, նույնիսկ եթե դրան դժվար է հասնել»,– նշել է Բելգիայի ԱԳ նախարարը։

Նա հավելել է, որ այս նույնն ասելու է նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ այս շաբաթ նախատեսված հանդիպման ընթացքում։

Նրա խոսքով` 2023թ. Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կազմակերպած հանդիպումների շրջանակներում պայմանավորվածությունները դրական առաջընթաց են գրանցել։

«Երկու երկրների ղեկավարները հաստատել են երկրների սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը։ Ես ողջունում եմ ձեր վարչապետի համարձակ հայտարարությունները, որոնք խաղաղության ուղին են բռնել։ Յուրաքանչյուր պետության պարտավորությունն է իր բնակչության իրավունքը պահպանել, հայ բնակչության իրավունքն ու անվտանգությունը պետք է պահպանվել, և ես իմ ադրբեջանցի գործընկերոջը կհիշեցնեմ այս մասին»,– ընդգծել է Բելգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նրա կարծիքով Բրյուսելում անցկացված վերջին բանակցությունները ցույց են տվել խաղաղության համաձայնագիրը մոտ է։ Նա շեշտել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների պարտականությունն է ամեն ինչ անել հայ և ադրբեջանցի ժողովուրդներին թույլ տալու համար ապրել խաղաղության մեջ։

Նա ողջունել է նաև Հայաստանի որոշումը` իր տարածքում ընդունելու ԵՄ դիտորդական առաքելությունը, որի նպատակն է կայունություն և խաղաղություն ապահովել։

Oգոստոսի 16-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Արցախի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով, որ Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարի։

Անվտանգության խորհրդի անդամ 15 երկրի ներկայացուցիչների մեծ մասը համակարծիք էր մարդասիրական խնդիրնեը չեն կարող օգտագործվել որպես մահակ120,000 մարդու իրավունքները ճնշելու համար: Դիվանագետների մեծ մասը հստակ ընդգծում էր Լաչինի միջանցքը պետք է բացվի, մյուսները հնարավոր էին համարում նաև այլ երթուղիների գործարկումը: