28 ապրիլի 2009 - 20:28 AMT
Բրազիլիայում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Բրազիլիայում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ` նվիրված Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին: Ապրիլի 23-ին Սան - Պաուլո նահանգի խորհրդարանի շենքում պատգամավոր Վիկտոր Սապիենզայի նախաձեռնությամբ կայացել է 20-րդ դարի առաջին Ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Բրազիլիայի Ազգային դաշնային կոնգրեսի պատգամավորների պալատի անդամներ Առնալդո Ֆարիա դե Սանը, Էդսոն Ապարեսիդոն, Բրազիլիայի ազգային եւ կրոնական համայնքների ներկայացուցիչներ:

Ներկաներն իրենց ելույթներում նշեցին Հայոց ցեղասպանության ճանաչման կարեւորությունը: Ելույթ ունեցավ նաեւ Սան-Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը: Հայոց ցեղասպանության 94-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ տեղի ունեցան նաեւ Օզասկոյում: Ապրիլի 24-ին Սան-Պաուլոյի ամենահայտնի «Folha de S.Paulo» թերթում լույս տեսավ նահանգապետ Ժոզեֆ Սերրայի «Չի կարելի մոռանալ ոչ մի ցեղասպանություն» խորագրով հոդվածը: Այն նվիրված էր Հայոց ցեղասպանության թեմային, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: