28 ապրիլի 2009 - 21:09 AMT
Անկարան ու Երեւանը աստիճանաբար գնում են հարաբերությունների կարգավորման
Հայ-թուրքական հարաբերություններում քաղաքական ջերմացումը կարող է որոշիչ ազդեցություն ունենալ Կասպից տարածաշրջանում էներգակիրների արտահանման վրա: Այդ մասին գրում է The United Press International-ը: Հոդվածի հեղինակ Ջոն Դեյլիի կարծիքով, Հայաստանն ավելի շահավետ սակագներից է օգտվում, քան ցանկացած նախկին խորհրդային հանրապետություն. ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանն ընդամենը 154 դոլար է վճարում հազար խորանարդ մետր ռուսական գազի դիմաց: «Սակայն Հարավային Կովկասում վերջին «սառեցված հակամարտությունում» խոշոր քաղաքական փոփոխություններ են նկատվում, որոնք կարող են վերջ դնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գներին: Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռանկյունու վեճը 1988-1994թթ. հայ-ադրբեջանական հակամարտության պատճառով, որի ընթացքում Թուրքիան 1993-ին` որպես Բաքվի հետ համաձայնության նշան, փակեց Հայաստանի հետ սահմանը, նոր փուլ է անցնում. Անկարան ու Երեւանն աստիճանաբար գնում են հարաբերությունների կարգավորման: Ինչպես հայտնել են ապրիլի 23-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները, երկու կողմերն այս գործընթացում զգալի առաջընթացի եւ փոխըմբռնման են հասել եւ պայմանավորվել են երկկողմանի հարաբերությունների կարգավորման համար համապարփակ շրջանակներ ստեղծելու մասին: Եթե այդպիսի շրջանակների ստեղծումը հանգեցնի հարաբերությունների լիակատար կարգավորման, ապա դա եւս մի շրջադարձ կհանդիսանա կովկասյան քաղաքականության մեջ, իսկ Բաքուն, անհանգստացած նրանով, որ իրեն կարող է լքել նախկին դաշնակիցը, չի թաքցնում իր դժգոհությունը: Եթե բանավեճերը հանգեն կարգավորման, ապա դա քսանամյա վեճի լուծման համար խոշորագույն քայլը կդառնա, որը հանդիսանում է «սառեցված հակամարտություններից» ամենահինը հետխորհրդային տարածքում եւ որն սկսվել է Խորհրդային միության փլուզումից երեք տարի առաջ»,- գրում է Դեյլին:

Եւ վերջինը` հերթով, բայց ոչ նշանակությամբ` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, եթե հաջողվի խաղաղեցնել Ադրբեջանին, կարող է հսկայական նշանակություն ունենալ Կասպից գազի եւ նավթի արտահանման ապագա ուղիների համար, քանի որ Հայաստանի տարածքում ուղիներն ավելի կարճ էին եւ էժան, քան ներկա դրությամբ գոյություն ունեցողները:

«Հաշվի առնելով Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները ԲԹՋ նավթամուղի կառուցման ժամանակ` Հայաստանի միջով խողովակաշարի անցկացման տարբերակը բացառվեց, եւ Ադրբեջանը ստիպված էր վճարել բանակցություններ չվարելու համար, քանի որ ԲԹՋ-ն ստիպված եղան անցկացնել Հայաստանը շրջանցելով, որը զգալիորեն ավելացրեց նախագծի արժեքը եւ նրա կատարման ժամկետները: ԲԹՋ-ի շինարարները կարող էին իրենց թույլ տալ խողովակաշարն անցկացնել շրջանցելով Հայաստանը, քանի որ ռազմական առումով նա ոչ մի վտանգ չէր ներկայացնում նախագծի կամ դրա մեջ ներքաշված երկրների համար, բայց ԱԿՆ դեպքում քիչ հավանական է, որ Ռուսաստանը կամ Իրանը անմասնակից կհետեւեն դրա շինարարությանը:

Ավելացրեք դրան Հայաստանի պահանջը, որ Թուրքիան ցեղասպանություն ճանաչի Արեւելյան Անատոլիայում 1915-ի դեպքերը, ավելի ճիշտ կլինի նկարագրել Հարավային Կովկասում վերջնական կարգավորման հեռանկարները որպես «ոչ պարզ»` չնայած նրա էներգետիկ հնարավորություններին: Աշխարհաքաղաքական դաշինքներում տեղի են ունենում ջերմացումներ եւ տեղաշարժեր, եւ, ամենայն հավանականությամբ, վստահաբար կարել է ասել մի բան. էներգակիրների կասպիական արտահանողներն իրենց դժգոհությունն են արտահայտելու հարեւան ներկրող-պետություններին եւ փոխադրողներին` ցուցաբերելով ավելի «տարօրինակ» վարքագիծ: