28 ապրիլի 2009 - 21:16 AMT
Քաղաքական լուծման դեպքում ՀԿԵ-ն անմիջապես կձեռնարկի Կարս-Գյումրի հաղորդակցության իրականացումը
Քաղաքական լուծման դեպքում ընկերությունը մտադիր է անմիջապես ձեռնարկել Կարս-Գյումրի երկաթուղային հաղորդակցության իրականացումը: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ ինֆրակառույցի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Խակովը: Նրա խոսքով, բոլոր անհրաժեշտ վերանորոգման աշխատանքներն այդ ուղղությամբ արդեն կատարվել են:

Խակովը նաեւ հաղորդել է, որ հունիսի առաջին օրերին կվերսկսվի Երեւան-Բաթումի ուղղությամբ գնացքների երթեւեկությունը: Նրա խոսքով, Երեւան-Բաթումի ուղղությամբ երկաթուղային հաղորդակցությունը կաշխատի նույն հաճախականությամբ, ինչ նախորդ տարի (օրը մեջ), եւ նույն արագությամբ` 40կմ/ժ եւ 25կմ/ժ (կամուրջների վրա):

Բացի դրանից, դիտարկվում է արագությունների բարձրացման հնարավորությունը` մինչեւ 50կմ/ժ, այդ հատվածում ուղեւորատարության տեւողությունը մայիսին կրճատելու նպատակով: «Այսօր մենք արդեն որոշակի արդյունքներ ունենք, փորձագիտական գնահատականներն ու դրության վերլուծությունը, որոնք թույլ տալիս պնդել, որ նոր գրաֆիկով գնացքը եթե ոչ ավելի արագ, ապա ժամանակի որոշակի տնտեսմամբ է երթեւեկելու»,- ասել է Խալկովը:

Ինչ վերաբերում է տեղափոխման սակագներին, ապա, «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր ինժեներ Սերգեյ Հարությունյանի խոսքով, Երեւան-Բաթումի գնացքի տոմսերի գների բարձրացման մասին դեռեւս խոսք չի գնում: «Սակայն, հաշվի առնելով, որ շահագործվելու է նաեւ ավիահաղորդակցությունը, հարկավոր է ապահովել մրցունակ գներ»,- ասել է Սերգեյ Հարությունյանը:

Ընկերությունն անցկացնում է ուղեւորահոսքի դիտարկում` առավել պահանջված ուղղության որոշման համար: Այդ դիտարկման արդյունքների ամփոփումից հետո «ՀԿԵ» ՓԲԸ մտադիր է դիտարկել նաեւ այլ ուղղություններով երկաթուղային հաղորդակցության բացման հնարավորությունը:

Մայիսի 25-ին կսկսվի ամառային ուղեւորափոխադրման իրականացումը, մասնավորապես, ծրագրվում է շահագործման հանձնել Երեւան-Սեւան ու Երեւան-Շորժա ուղղությամբ ուսանողական գնացքները:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԹԸ-ն «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի 100-տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն հանձնվեց «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման, ըստ 2008թ. փետրվարի 13-ին կնքված կոնցեսիոն պայմանագրի: Կոնցեսիոն պայմանագրի ժամկետը շուրջ 30 տարի է` 10 տարով երկարացնելու իրավունքով: