Վարդանյանը՝ Սիմոնյանին․ Դուք պարտվելու եք, որովհետև թույլ եք, անգրագետ, չեք կարողանում ներկայացնել երկիրը

Վարդանյանը՝  Սիմոնյանին․ Դուք պարտվելու եք, որովհետև թույլ եք, անգրագետ, չեք կարողանում ներկայացնել երկիրը

PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ, Երևանի քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանի հետ ասուլիսում անդրադարձել է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի այն հայտարարությանը, թե ընտրություններին մասնակցող ուժերի մեծ մասը մարիոնետներ են, որոնք աշխարհաքաղաքական կոնկրետ կենտրոններ և աշխարհաքաղաքական վեկտորի շահերն են ներկայացնում ընտրություններում։

Դիմելով նման մտածողություն ունեցող գործիչներին՝ Վարդանյանն ասել է․ «Դուք պարտվելու եք, որովհետև դուք թույլ եք, անգրագետ եք, չեք կարողանում ներկայացնել մեր երկիրը ո՛չ միջազգային դաշտում, ո՛չ ներսում», գրում է Aravot.am-ը։

Վարդանյանը ցավալի է համարել պահելաձևը քաղաքական դաշտում, ընդհանրապես հասարակության մեջ՝ այն մակարդակը, նշել, որ իջեցվել է ընդհանուր բարոյական շեմը, ինչն անընդունելի է:

«Օրինակ, Անդրանիկ Քոչարյանը խոսում է ճնշման մասին: Ալեն Սիմոնյանը խոսում է ինչ-որ մարիոնետների մասին, նրանք չեն հասկանում, որ դա առաջին հերթին իրենց մակարդակն է, իրենց մտածելակերպը, թե իրենք ոնց են նայում աշխարհին։ Երկրորդը՝ վնաս են պատճառում ՀՀ-ին ու Արցախի դիրքերին։ Երրորդը՝ ցույց են տալիս իրենց թուլությունը, որ իրենք այնքան թույլ են, որ միակ պատճառը, որ իրենք պարտվելու են, ցույց են տալիս, որ պատճառը դրսից է:

Ոչ, դուք պարտվելու եք, որովհետև դուք թույլ եք, անգրագետ եք, չեք կարողանում ներկայացնել մեր երկիրը ո՛չ միջազգային դաշտում, ո՛չ ներսում։ Ձեր պահելաձևը, մարդկանց վրա թքելը, Արարատ սարը դարձնելը ոչ հայկական և նման բաներն են բերելու նրան, որ դուք պարտվելու եք, ոչ թե որովհետև ինչ-որ դրսի ուժեր ազդել են դրա վրա:

Որպես անձ, իմ պատմության, իմ բոլոր քայլերի մեջ, կարող եմ հանգիստ նայել ձեր աչքերի մեջ ու ասել՝ ինչ արել եմ, արել եմ իմ հայրենիքի համար: Իսկ այս ամբողջ բամբասանքները, սպեկուլյացիաները, Թաթարստանի հետ կապված թեման, որը մատից ծծած է, եթե ինչ-որ մեկը նայել է այդ հաղորդումը, ես ներկայացրել եմ իմ տեսլականը, որ Հայաստանը կարող է լինել բուֆերային գոտի, կապող ուժը Պարսկաստան, ՌԴ, Արևմուտք, Արևելք, կարող է դառնալ հետաքրքիր կենտրոն։ Իսկ իրենք են տանում իրենց գործողությամբ նրան, որ այդքան թուլացնեն մեզ, այնքան վնաս բերեն, որ ի վերջո կործանվենք: Եվ այն, ինչ օգտագործում են իմ դեմ, ցույց է տալիս իրենց թուլությունը, անկարողությունը ինչ-որ ուրիշ բան գտնել իմ գործունեության մեջ: Դրա համար ես հանգիստ եմ վերաբերվում դրան, որովհետև դա ցույց է տալիս իրենց թուլությունը»,–ասել է նա:

Երևանի ավագանու ընտրութունները կայանալու են սեպտեմբերի 17–ին։

 Ուշագրավ
Նման հարցի քննարկման մասին խոսել էր ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը
Նա հավելել է, որ պայմանագիրը չստորագրելու պատճառն անվստահությունն է
Նստաշրջանը տեղի կունենա նոյեմբերի 18-20–ը
Ըստ նրա՝ ՀՀ և Ադրբեջանի հանդեպ հավասարաչափ հեռավորության ԵՄ ռազմավարությունը ձախողվել է
---