8 սեպտեմբերի 2023 - 10:56 AMT
ՔԿ-ն հաստատել է՝ բլոգեր Միկա Բադալյանն ու ևս 6 անձ ձերբակալվել են․ ՌԴ դեսպանատունը մտահոգված է

Քննչական կոմիտեն հաստատել է, որ Գորիսում ձերբակալվել են բլոգեր Միկա Բադալյանն ու «Սպուտնիկ Արմենիայի» ռադիոյի սյունակագիր Աշոտ Գևորգյանը։ Ձերբակալվել է ևս 5 անձ։ Այդ մասին հայտնել է ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում։

«ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ՀՀ ԱԱԾ-ում նախաձեռնված և ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված քրեական վարույթի շրջանակներում հանցագործություն կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով Սյունիքի մարզում սեպտեմբերի 6-ին և 7-ին ձերբակալվել է թվով 7 անձ, այդ թվում Միկա Բադալյանը և Աշոտ Գևորգյանը։ Այս պահին կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,– ասվում է գրառման մեջ։

ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի երկրորդ մասը վերաբերում է հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ։

Հայտարարվել է, որ ՀՀ քննչական կոմիտեն ավելի ուշ հանդես կգա վարույթի հանգամանքներին վերաբերող հաղորդագրությամբ։

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը մտահոգություն է հայտնել բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիայի» սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության կապակցությամբ։

«Դեսպանատանը հայտնի է ռուսամետ բլոգեր և ակտիվիստ Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» գործակալության սյունակագիր Աշոտ Գևորգյանի ձերբակալության մասին։ Կապի մեջ ենք նշված գործակալության հետ։ Ուշադիր հետևում ենք իրադարձությունների զարգացմանը։ Մտահոգված ենք ձերբակալված անձանց ճակատագրով, քայլեր ենք ձեռնարկելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։