ՔՈԱՖ-ը և GIZ-ը կիրականացնեն արվեստի, արհեստի ու երաժշտության փառատոն՝ խթանելով Լոռու զբոսաշրջությունը

ՔՈԱՖ-ը և GIZ-ը կիրականացնեն արվեստի, արհեստի ու երաժշտության փառատոն՝ խթանելով Լոռու զբոսաշրջությունը

PanARMENIAN.Net - Արվեստի, արհեստի և երաժշտության ՔՈԱՖ փառատոնն այս աշնանն իր շուրջը կհամախմբի Հայաստանի ամենավառ երաժշտական տաղանդներին, Լոռու մարզի արհեստագործներին և արտադրողներին։ Փառատոնը, որն իրականացվում է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության «ITTD» ծրագրի աջակցությամբ, տեղի կունենա սեպտեմբերի 16-ին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում (Դեբետ, Լոռի)։ Այն ուղղված է Լոռու մարզի տնտեսական զարգացմանը և զբոսաշրջային գրավչության ամրապնդմանը։

«Արդեն տևական ժամանակ է, ինչ մեր հիմնադրամն ու GIZ-ն իրականացնում են «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախաձեռնությունը, որի շրջանակում փորձում ենք տարբեր ձևաչափերով խթանել տեղի զբոսաշրջային ներուժն ու այն տարածաշրջանի կայուն զարգացման մաս դարձնել։ Ոչ ֆորմալ կրթություն ապահովելուց բացի, Լոռիում մեր գործունեությունն ուղղված է նաև ՍՄԱՐԹ կենտրոնի շուրջ նոր էկոհամակարգի ստեղծմանը։ Եվ ահա, այս փառատոնը հիանալի առիթ է, որպեսզի բոլորին համախմբենք մեր ՍՄԱՐԹ ավանում՝ վայելելու երաժշտության, արվեստի ու արհեստի ամենագեղեցիկ համադրությունը և համտեսելու հայկական ազգային ուտեստները»,- նշել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։

Այդ օրը կներկայացվի նաև Հայաստանում խոշորագույն սոցիալական ձեռնարկություն հանդիսացող ՔՈԱՖ Կոնցեպտը, որն իր մեջ ներառում է Կոնցեպտ հյուրանոցը՝ համագումարների ընդարձակ կենտրոնով և այլ ենթակառուցվածքներով։

Այն հանգստի, մասնագիտական ու պաշտոնական միջոցառումների համար հիանալի վայր է, որը միաժամանակ նպաստում է գյուղական համայնքներում ՔՈԱՖ-ի կրթական և սոցիալական ծրագրերի հետագա ընդլայնմանն ու շարունակականության ապահովմանը։ ՔՈԱՖ Կոնցեպտի հանդիսավոր բացմամբ կազդարարվի հիմնադրամի 20-ամյա գործունեության նոր փուլը՝ Սյունիքում (Գորիս, Կապան), Արմավիրում և Շիրակում ՍՄԱՐԹ կենտրոնների և այլ կարևորագույն ենթակառուցվածքերի ստեղծման մեկնարկը, ինչպես նաև Արցախում իրականացվող ծրագրի սահուն ընթացքի ապահովումը։

ՔՈԱՖ փառատոնը հարթակ կհանդիսանա մարզաբնակ արտադրողների համար՝ խթանելով նրանց արտադրանքի հանրայնացումն ու զարգացումը։

Թեյերի, գյուղմթերքի, հագուստի և գործվածքի, խնամքի և կոսմետիկ միջոցների, ձեռագործ իրերի, պայուսակների, հուշանվերների, ժամանցային ծառայություններ առաջարկող ընկերությունների 30-ից ավելի տաղավարները ներկայացված կլինեն փառատոնին։

Բացօթյա պատկերասրահում կցուցադրվեն նաև Արդեանի արվեստի ինստալյացիաները, որոնք իրենց լուսավորությամբ բնականորեն կզուգորդվեն Լոռու գեղեցկության հետ` արտացոլելով հնագույն վանքերն ու տեղի մշակութային ժառանգությունը: Կենդանի կատարումներով հանդես կգան Hayat Project-ը, «Լավ Էլի»-ն, «Վահագն Հայրապետյան քառյակը», «Միքայել Ոսկանյան և ընկերները (MVF)», «Բամբիռն» ու DJ Alen Hertz-ը: Փառատոնի ընթացքում ՍՄԱՐԹ ավանում տեղադրված կլինեն հատուկ նվիրաբերության արկղեր, որոնց վրա կլինեն QR կոդեր՝ այսպիսով հնարավոր դարձնելով տարբեր հարթակներով նվիրատվություն կատարելը և դրական ու շարունակական փոփոխություններին մասնակից դառնալը։

2021 թվականից մեկնարկած «Լոռին՝ քո հաջորդ ուղղությունը» նախագծի շրջանակում իրականացվել են մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ 2022-ին կայացած արվեստի ու գիտության «ՍԹԱՐՄՈՒՍ օր ՍՄԱՐԹ-ում» փառատոնը, զբոսաշրջային արահետների կառուցումը, Վանաձորը Վրաստանի սահմանին միացնող Մ6 ճանապարհի վրա ՔՈԱՖ Այցելուների կենտրոնի ու ճանապարհային սրճարանի հիմնումը, ինչպես նաև տեղի մշակութային ժառանգության հանրայնացումը։

ՔՈԱՖ փառատոնի շրջանակում աջակցում են նաև զովացուցիչ և ալկոհոլային ըմպելիքներ արտադրող մեր ընկերները՝ «Պեպսի Հայաստանը», «Իստակը», «Նոյը», «Տուսը», «Կատարոն»։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---