29 ապրիլի 2009 - 00:30 AMT
Հայաստանում տեղի կունենա կանանց միջազգային ֆուտբոլային մրցաշար
Հայաստանի Աբովյան քաղաքում մայիսի 12-16-ը տեղի կունենա կանանց միջազգային ֆուտբոլային մրցաշարը , որին կմասնակցեն Հայաստանի, Էստոնիայի եւ Ղազախստանի հավաքականները: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդեց Ֆուտբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Ադամյանը, այդ մրցաշարը կկրի 2011թվականի Աշխարհի առաջնության ընտրախաղերին նախապատրաստվելու բնույթ:

«Մինչեւ 2011թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում սեպտեմբերի 19-ին Ֆինլանդիայի հավաքականի հետ առաջին խաղը, դա մեր միակ միջազգային մրցաշարն է: Ուստի մենք դրան մեծ նշանակություն են տալիս: Ինչ վերաբերում է մեր հակառակորդներին, ապա նրանք բավականին ուժեղ են, եւ, չնայած նրան, որ անցյալ տարի Մակեդոնիայում մենք էստոնուհիներին հաղթել էինք 2:1 հաշվով, թերագնահատել նրանց մենք չենք պատրաստվում: Իսկ Ղազախստանի հավաքականին ծանոթ չեմ, սակայն գիտեմ, որ նրանք առավել բարձր դիրք են զբաղեցնում ՈՒԵՖԱ-ի վարկանիշում, քան մենք», - նշել է Ադամյանը:

Նրա խոսքերով, հավանականություն կա, որ հավաքականին կմիանա Լիբանանում ելույթ ունեցող երկու առանցքային խաղացող:

«Մեր հավաքականից երկու խաղացող ելույթ է ունենում Բեյրութի ակումբներում: Նրանցից մեկը` թիմի ավագ Գայանե Կոստանյանն է, մյուսը` Քրիստինե Ալեքսանյանն է: Հավանաբար, նրանք մեզ կմիանան Էստոնիայի հավաքականի առաջին խաղի օրը: Իսկ հավաքականի կազմը կորոշվի մրցաշարի սկսելուց երկու օր առաջ», - ասել է Ադամյանը:

Հայաստանում ֆուտբոլի կանանց լիգայի բացակայության պատճառով, Հայաստանի կանանց հավաքականը 2011թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլին նախապատրաստվելու համար արդեն երկրորդ տարին ՀՖՖ-ի թույլտվություն է ստանում մասնակցելու 1994 եւ 1996 թթ. ֆուտբոլիստների Հայաստանի առաջնություններում: