Վարչապետ․ Հռոմի ստատուտը ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի

Վարչապետ․ Հռոմի ստատուտը ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ ոչ մի կապ չունի

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում, խոսելով Ռուսաստանի կողմից ՀՀ–ին հղած բողոքի նոտայի կետերի մասին, ասել է, որ Հռոմի ստատուտի վավերացումը կապված չէ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ, կապված է սահմանային իրադրության լարվածության հետ։

ՀՀ ԱԺ կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության՝ Հռոմի ստատուտի վավերացման սպասվող գործընթաց բացասական գնահատականի էր արժանացել Ռուսաստանի կողմից։

«Մենք հասկանում ենք, որ վատ, անհանգստացնող կոնտեքստներ են ձևավորվում (Ռուսաստանում-խմբ), բայց մենք չենք կարող մեր հարաբերությունները, մեր պարտավորությունները սառեցնել մյուս գործընկերների հետ․․․

Ինչո՞ւ ենք մենք դա վավերացնում, քանի որ ուզում ենք, որ մասնավորապես, 2022 թվականի սեպտեմբերի դեպքերը, 2021 թվականի մայիսի դեպքերը միջազգային քրեկան դատարանում քննելու առիթ դառնան: Եվ սա մի գործոն է, որը կարող է էական ազդեցություն բերել մեր անվտանգության աստիճանին՝ այն պայմաններում, որ ՀԱՊԿ-ը չի կատարում իր պարտավորությունները: Մեր պարտականությունն է՝ ձեռնարկել լրացուցիչ անվտանգության գործոններ: Մենք աշխատում ենք, որ ՌԴ-ում ճիշտ ընկալումներ ձևավորենք»,- ասել է վարչապետը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով, ակնհայտ է, որ վերջին իրադարձությունների ֆոնին, Հարավային Կովկասի նկատմամաբ ուշադրության շեղում կամ պակաս կա:

«Մյուս կողմից, մենք ունենք սահմանային լարվածություն, որը պետք է հասցեագրել կամ մեր ձեռքի տակ եղած գործիքակազմը փորձել լրացնել: Տեսեք, դուք փորձում եք Հռոմի ստատուտը, հայ-ամերիկյան զորավարժությունները և նույնիսկ իմ կնոջ այցը կապել սահմանային իրադրձությունների հետ: Եվ ձեր հարցի էությունն այն էր, թե արդյոք այս գործընթացները չեն բերի սահմանային լարվածությունների: Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ օրինակ՝ 2022 թվականի սեպտեմբերին մենք ո՛չ ստատուտ էինք վավերացնում, ո՛չ զորավարժություններ էինք իրականացնում ԱՄՆ-ի հետ, ոչ էլ այցելություն էինք կատարում Ուկրաինա, բայց դա չխանգարեց, որ սահմանին ունենանք պատերազմական իրավիճակ: Այսօր մենք փորձում ենք գործիքակազմ ունենալ, որը մեզ հասու կլինի և սահմանային անվտանգության մեջ գործոններ ավելացնել, որոնք մեզ կօգնեն»,- հայտարարել է Փաշինյանը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ–ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանին կանչել են երկրի ԱԳՆ և բողոքի նոտա ներկայացրել Երևանի «մի շարք ոչ բարեկամական քայլերի» վերաբերյալ։ Նշվում էր, որ ՀՀ ղեկավարությունը վերջին օրերին մի շարք ոչ բարեկամական քայլեր է ձեռնարկել, որոնց թվում են՝ Հռոմի ստատուտը վավերացման ուղարկելը, վարչապետի տիկնոջ այցը Կիև, որտեղ նա հումանիտար օգնություն է հանձնել «Կիևի նացիստական ռեժիմին», ԱՄՆ մասնակցությամբ զորավարժությունները ՀՀ տարածքում։

Միևնույն ժամանակ նշվում էր, որ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ Ռուսաստանը և Հայաստանը մնում են դաշնակիցներ, և հարաբերությունների զարգացմանն ուղղված բոլոր պայմանավորվածությունները կիրականացվեն ի շահ երկրների ժողովուրդների:

 Ուշագրավ
---