Հայաստանում բացվել է «Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոն»

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» (ՈԴՀՌ) բարեգործական կազմակերպությունը «Ցողունային բջջիների հավաքագրման կենտրոն» են բացել Հայաստանում: «Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոնն» իր գործունեությամբ կնպաստի արյան մահացու հիվանդություններով տառապող մարդկանց արդյունավետ բուժմանը, հայ եւ այլազգի հիվանդների կյանքի փրկությանը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներդրումը առողջապահության ոլորտում կազմել է 106 մլն դոլար: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը:



Ըստ հաղորդագրության, «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր»-ը շահույթ չհետապնդող, բարեգործական կազմակերպություն է եւ շուրջ 10 տարի շարունակ իր գործունեությունն է ծավալում ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: ՈԴՀՌ-ի առաքելությունն է օգնել աշխարհասփյուռ հայորդիներին հաղթահարել արյան մի շարք մահացու հիվանդությունները, որոնք հաճախ բուժվում են ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստմամբ: Կազմակերպության նպատակն է հիվանդի համար գտնել ոսկրածուծի/ցողունային բջիջների համապատասխան դոնոր, ապահովել փոխպատվաստման առավելագույն արդյունավետություն լեյկեմիայով հիվանդների համար, կազմակերպել դոնորների հավաքագրում համայն հայության շրջանում եւ ստեղծել ռեեստրի համահայկական ցանց:



Մինչ օրս ռեեստրում կամավորագրվել է 14.000 դոնոր, ռեեստր դիմած 1276 հիվանդից պոտենցիալ համընկում եղել է 821-ի մոտ եւ իրականացվել է ոսկրածուծի/ցողունային բջիջների 9 փոխպատվաստում: «Ցողունային բջիջների հավաքագրման կենտրոն»-ի ստեղծումը եւ այն գերժամանակակից սարքավորումներով հագեցնելը ՈԴՀՌ-ի կարեւորագույն եւ առաջնային նպատակներից էր:



«ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, որպես ՈԴՀՌ հիմնադրամի երկարամյա կորպորատիվ գործընկերն ու աջակիցը, այս անգամ եւս խոշոր սոցիալական ներդրում իրականացրեց, որն ամբողջությամբ ուղղվեց վտանգված կյանքերի փրկության վեհ առաքելության իրականացմանը», - ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



«Ցողունային բջջիների հավաքագրման կենտրոն»-ի բացումն անկասկած նշանակալից իրադարձություն է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտում, ինչը հնարավոր դարձավ Հայաստանում բջջային կապի առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության զգալի նյութական աջակցության շնորհիվ, առանց որի անհնարին կլիներ արյան չարորակ հիվանդություններով տառապող հայորդիների ու այլազգիների կյանքի փրկության համար այնքան անհրաժեշտ կենտրոնի ստեղծումը, կայացումը, արդիական տեխնոլոգիաներով հագեցումը», - ասաց ՈԴՀՌ-ի գործադիր տնօրեն Սեւակ Ավագյանը:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---