Բանկերի «սև ցուցակում» գտնվող քաղաքացիների համար մեխանիզմ կմշակվի

Բանկերի «սև ցուցակում» գտնվող քաղաքացիների համար մեխանիզմ կմշակվի

PanARMENIAN.Net - Հայաստանում մոտ 300,000 մարդ կա, որոնք նախկինում խնդիրներ են ունեցել բանկային համակարգի հետ և հայտնվել են բանկերի «սև ցուցակներում»։ Կառավարությունը նախատեսում է մեխանիզմ մշակել և ներդնել անհուսալի վարկառուների համար։ Հարցը քննարկվել է գործադիրի սեպտեմբերի 14–ի նիստում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել է, որ նախագծով նախատեսվում է անդրադառնալ 100 հազարի և 1 մլն դրամի միջակայքում գտնվող վարկային պարտավորության դեպքերին, որոնց թիվը մոտ 204,000 է։

«Դրանց 81 տոկոսը ֆորմալ զբաղված չեն: Այս հնարավոր նախագծով նրանց՝ մի կողմից աշխատաշուկա կուղղորդենք, մյուս կողմից՝ հնարավորություն կտանք ֆորմալացնելու զբաղվածությունը»,–ասել է նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այդ մարդիկ ամբողջությամբ մտել են ստվերային դաշտ:

«Այդ մարդիկ աշխատում են, աշխատավարձ են ստանում, բայց իրենց աշխատավարձը ոչ մի տեղ չի արձանագրվում, նրանք էլ հարկեր չեն վճարում: Այդ շփումների արդյունքում պարզվել է, որ նրանց մեծ մասը չի կարողանում օգտվել բազմաթիվ ծրագրերից. բանկերի «սև ցուցակում» լինելով պայմանավորված՝ չեն կարողանում ստվերից դուրս գալ, քանի որ իրենց աշխատավարձերը բռնագանձվում են»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ մշակվող մեխանիզմը չպետք է վերաբերի վերջին երեք տարիներին նման իրավիճակում հայտված մարդկանց:

«Դա սխալ ուղերձ կլինի բանկային պարտավորությունները կատարելու բնագավառում: Այսինքն՝ սա կվերաբերի երեք տարի և դրանից առաջ նման իրավիճակում հայտնված մարդկանց: Մենք կփորձենք աջակցել այդ մարդկանց, այդ թվում ՝ գանձվող գումարների չափերի որոշակի նոր համակարգեր ստեղծել: Դրանք պետք է քաղաքացուն բերեն այն եզրակացության, որ ավելի ձեռնտու է գնալ և բոլոր բանկային պարտավորությունները որոշակի գրաֆիկով մարել և դուրս գալ «սև ցուցակների» տրամաբանությունից»,-ասել է վարչապետը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---