29 ապրիլի 2009 - 15:58 AMT
ՌԴ Դաշնության Խորհուրդը ՀԱՊԿ ներկայացուցչություններին դիվանագիտական կարգավիճակ է շնորհել
ՌԴ Դաշնության Խորհրդի 246-րդ նիստում վավերացվել է Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագարի (ՀԱՊԿ) ներկայացուցչությունների իրավական կարգավիճակի մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 2002թ. հոկտեմբերի 7-ի արձանագրությունը:

Արձանագրությունը հաստատում է այն իրավական կարգավիճակը, արտոնությունները եւ պաշտպանությունը, որ տրամադրվում է ներկայացուցչությանը, լիազոր ներկայացուցչին, ներկայացուցչության աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին` այսինքն նրանք ստանում են նույն արտոնություններն ու պաշտպանվածությունը, որ ունեն դիվանագիտական ներկայացուցչությունները, նրանց աշխատակիցներն ու ընտանիքի անդամները ըստ 1961թ. ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի: Ընդ որում արտոնություններն ու պաշտպանվածությունը տարածվում է նաեւ ՀԱՊԿ Միավորված շտաբի վրա, իսկ այդ շտաբի զինծառայողներին, քաղաքացիական աշխատակիցներին ու նրանց ընտանիքների անդամներին տրամադրվում են նույնանման արտոնություններ եւ պաշտպանվածություն, ինչպես ՀԱՊԿ պաշտոնյաներին, աշխատակիցներին ու նրանց ընտանիքների անդամներին, հաղորդում է Դաշնության Խորհրդի մամլո ծառայությունը:

Արձանագրությունը ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 6-ին Դուշանբեում: ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը: