Հրապարակում բողոքի ցույց է․ Քաղաքացիները փորձում են կառավարության շենք մտնել

Հրապարակում բողոքի ցույց է․ Քաղաքացիները փորձում են կառավարության շենք մտնել

PanARMENIAN.Net - Արցախի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի մասին տեղեկություններից հետո կառավարության շենքի մոտ սկսել են մարդիկ հավաքվել, որոնց թիվը գնալով աճում է։

ՀՀ կառավարության շենքի մոտ լարված իրավիճակ է, բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիները փորձում են մուտք գործել կառավարության շենք։ Ոստիկանների ու նրանց միջև հրմշտոց է սկսվել։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը փորձում է կարգավորել իրավիճակը և բանակցել քաղաքացիների հետ, հայտնում է Sputnik Արմենիան։

Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանց խոսքով` միայն այդ դեպքում է հնարավոր փրկել Արցախն ու Հայաստանը։

«Ամոթ, Նիկոլ, դավաճա՛ն, Արցախը մենք ենք, արցախցին մեր կարիքն ունի»,–վանկարկում են ցուցարարները։

Քաղաքացիները փակել են Տիգրան Մեծ պողոտային հարող հատվածը։ Նրանք մտահոգված են Արցախում ստեղծված իրավիճակով, շատերը չեն կարողանում կապ հաստատել Արցախում գտնվող ընտանիքի անդամների հետ։ Ակցիայի մասնակիցները հայաստանյան իշխանություններից պահանջում են կանխել Արցախում սկսված պատերազմը, հայտնում է Factor.am-ը։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում է, որ այս պահին Հանրապետության հրապարակում ընթանում է զանգվածային ակցիա, ինչի կապակցությամբ դիմում է քաղաքացիներին։

«Կոչ ենք անում զանգվածային ակցիայի ընթացքում չենթարկվել հնարավոր սադրանքների, հակաիրավական քայլերի դրդող կոչերի ու գործողությունների: Հորդորում ենք ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտմանն ուղղված ցանկացած քայլից, հակահասարակական և հակաօրինական արարքներից»,–ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։

Ադրբեջանը Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է սկսել: Բաքուն հայտարարել է, որ անցկացվող գործողության մասին «իրազեկվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը և Ռուս–թուրքական դիտորդական կենտրոնի ղեկավարությունը»։ Որպես նպատակ նշվել է «ՀՀ զինված ուժերի կազմավորումների զինաթափումն ու դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքների չեզոքացումը»։ Ադրբեջանը փորձում է նախօրեին ականի պայթունից 6 ադրբեջանցու մահը բարդել հայկական կողմի վրա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Արցախը զանգվածային հրետակոծության տակ է, այդ թվում՝ Ստեփանակերտը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---