Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից ԼՂ–ում ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ

Ալիևը ներողություն է խնդրել Պուտինից ԼՂ–ում ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ներողություն է խնդրել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 20–ին ռուս խաղաղապահների զոհվելու կապակցությամբ, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

Զրույցի ընթացքում Ալիևը նաև իր խորին ցավակցությունն է հայտնել խաղաղապահների մահվան կապակցությամբ։

Պուտինն ու Ալիևը նաև կարևորել են Ղարաբաղում զինադադարի մասին ռուս խաղաղապահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը, գրում է ՏԱՍՍ–ը։

Նշվում է, որ «մեծապես կարևորվել են Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև ռուս խաղաղապահների միջնորդությամբ մեկնարկած բանակցությունները»։

Նրանք նաև պայմանավորվել են ակտիվացնել եռակողմ բանակցային գործընթացը ՀՀ մասնակցությամբ, այդ թվում Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման առումով։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել աշխատանքը բանակցային դաշտում՝ 2020-2022թթ․ եռակողմ պայմանավորվածությունների հունով, առաջին հերթին տրանսպորտայյին կապերի ապաշրջափակման, հայ–ադրբեջանական սահմանի սահմանազատման և Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ալիևը հաստատել է, որ պատրաստ է աշխատել ռուս խաղաղապահների հետ Լեռնային Ղարաբաղում ապասրացման նպատակով։

Պուտինը շեշտել է, որ կարևոր է ապահովել Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է նախատեված Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---