29 ապրիլի 2009 - 18:30 AMT
Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը հայ-թուրքական սահմանում
Ռուսաստանը սպասում է հայ-թուրքական սահմանի բացմանը, քանի որ դա իրեն թույլ կտա լուծել իր ռազմա-քաղաքական խնդիրները, որոնք սրվել են Վրաստանում օգոստոսյան դեպքերից հետո: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: «Ռուսաստանը մտադիր է ուժեղացնել իր ռազմական ներկայությունը հայ-թուրքական սահմանում, մասնավորապես, Գյումրի քաղաքի մերձակայքում: Սահմանի բացման դեպքում Մոսկվան ակնկալում է թուրքական օդակայաններն օգտագործելու թույլտվություն ստանալ Անկարայից»,- ընդգծել է հայ փորձագետը:

Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով, եթե անգամ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանը բացվի, ռուս սահմանապահները կմնան Հայաստանի տարածքում` որպես հանրապետության անվտանգության երաշխիք:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործով ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման դեպքում Հայաստանից ռուսական ռազմակայանների դուրսբերման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: «Որքանով ինձ հայտնի է, այսօր խոսքը չի գնում Հայաստանում Ռուսաստանի ներկայության կրճատման մասին»,- նշել է ռուս դիվանագետը: