22 սեպտեմբերի 2023 - 15:35 AMT
Շտաբ․ Զորքերը հետ քաշելու և տարհանվածների վերադարձի հարցը բանակցվում է խաղաղապահների միջնորդությամբ

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետքաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների՝ Արցախ մուտքի և ելքի ընթացակարգը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։