29 ապրիլի 2009 - 21:47 AMT
Le Mond. Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը հանգույց է, որը հնարավոր չէ քանդել
Երբեմնի բոլոր ներխուժումների պարտադիր կետը հանդիսացող Հարավային Կովկասը վերածվել է սահմանակից տերությունների` Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի արտաքին քաղաքական լաբորատորիայի: Այդ մասին գրում է ֆրանսիական Le Mond թերթը: «Իրադրության փոփոխման հաստատումը դարձավ ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված համաձայնագիրը` «ճանապարհային քարտեզը»: Չնայած բազմաթիվ անլուծելի հակասություններին, երկու երկրների հարաբերություները վերջին ժամանակներս բարելավվել են»,- նշում է թերթի տեսաբան Մարի Ժեգոն:

Հոդվածում ընդգծվում է, որ թուրք-հայկական ջերմացումը շահավետ չէ Ադրբեջանին, չէ՞ որ հենց ի նշան Բաքվի հետ համերաշխության Անկարան 1993թ. խզեց իր հարաբերությունները Հայաստանի հետ:

«Անկլավի կարգավիճակը հանգույց է, որը հնարավոր չէ քանդել: Ադրբեջանցիները պաշտպանում են տարածքային ամբողջականության սկզբունքը, ղարաբաղյան հայերը` ինքնորոշման իրավունքը: Այս լատենտային հակամարտության լուծումը կարող էր փոխել տարածաշրջանում առկա իրադրությունը: Դրանում շահագրգռված է նաեւ Ռուսաստանը, որը Վրաստանի հետ օգոստոսյան հակամարտությունից հետո հնարավորություն չունի իրականացնելու Հայաստանում իր ռազմակայանների սնուցումը»,- գրում է Le Mond-ը: