Մարուքյան․ Միջազգային դերակատարները չկարողացան ապահովել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը

Մարուքյան․ Միջազգային դերակատարները չկարողացան ապահովել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր էջում գրել է, որ միջազգային դերակատարները չկարողացան ապահովել ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։

Նա նշել է նաև, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում։

«Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղի հայերը հազարներով տարհանվում են Հայաստան։ Ինչո՞ւ են այս մարդիկ տարհանվում։ Որովհետև սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական ագրեսիա է իրականացրել Լեռնային Ղարաբաղի խաղաղ ժողովրդի դեմ, որի հետևանքով ոչ միայն հարյուրավոր զոհեր և վիրավորներ են գրանցվել, այլև հազարավոր խաղաղ բնակիչներ կորցրել են իրենց տները, գյուղերն ու համայնքները։ Այլ կերպ ասած բնակչությունը, որն արդեն 9 ամիս է սովի է մատնված Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով, սեպտեմբերի 19–ին ագրեսիայի է ենթարկվել ․

1.Նրանք բռնի տեղահանվել են իրենց տներից և նկուղներում 6 օր սոված ու ծարավ քնելուց հետո, նրանք ոչ թե իրենց տները վերադառնալու, այլ իրենց պապենական հողից տարհանվելու հնարավորություն են ստացել։

2.Մենք ընդունում ենք, որ ռուսական խաղաղապահ առաքելությունը չի ապահովել նրանց խաղաղ գոյությունը Լեռնային Ղարաբաղում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։

3.Մենք ընդունում ենք, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ը և մյուս բոլոր միջազգային դերակատարները չկարողացան ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և անվտանգության երաշխիքները։ Չնայած այն հանգամանքին, որ այս դերակատարները բազմիցս հայտարարել են իրենց միջնորդական ջանքերի ընթացքում, որ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է երաշխավորվեն միջազգային մեխանիզմների շրջանակում, որպեսզի նրանք կարողանան ապահով ապրել իրենց պապենական հողերում»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։

 Ուշագրավ
---