Պեսկով․ ՌԴ–ն կշարունակի երկխոսությունը Փաշինյանի հետ, կաշխատի ԼՂ հայերի իրավունքների պահպանման ուղղությամբ

Պեսկով․ ՌԴ–ն կշարունակի երկխոսությունը Փաշինյանի հետ, կաշխատի ԼՂ հայերի իրավունքների պահպանման ուղղությամբ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի աշխատել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների պահպանման ուղղությամբ։

Նա նշել է նաև, որ Հայաստանը շարունակում է լինել ՌԴ դաշնակից և որ երկխոսությունը հայկական կողմի հետ կշարունակվի, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Հայաստանը շարունակում է մնալ մեր դաշնակիցը, մեզ համար մերձավոր պետություն։ Հայերը մեզ մոտ ժողովուրդ է, գիտեք, որ մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Զգալիորեն շատ։ Մենք կշարունակենք կատարել մեր գործառույթները, կշարունակենք երկխոսությունը հայկական կողմի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այդ թվում կշարունակենք աշխատանքն այն ուղղությամբ, որ պահպանվեն Ղարաբաղի բնակչության բոլոր իրավունքները, նկատի ունեմ Ղարաբաղի հայերին»,–ասել է Պեսկովը։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կա և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի: Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էույթան համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին հանդիպում է տեղի ունեցել Եվլախում Բաքվի և ԼՂ ներկայացուցիչների միջև, որի ընթացքում որևէ կոնկրետ համաձայնություն ձեռք չի բերվել։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---