Բլինքենի կոչն Ալիևին՝ երաշխիքներ տալ ԼՂ բնակիչներին, թույլատրել միջազգային դիտորդական առաքելության մուտքը

Բլինքենի կոչն Ալիևին՝ երաշխիքներ տալ ԼՂ բնակիչներին, թույլատրել միջազգային դիտորդական առաքելության մուտքը

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգության երաշխիքների և նրանց իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Այդ մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։

Ըստ հաղորդագրության՝ Բլինքենը նշել է «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հետագա ռազմական գործողություններից զերծ մնալու և հումանիտար օգնության անարգել մուտք ապահովելու անհրաժեշտությունը», հայտնում է «Ազատությունը»։

«Նա Ալիևին կոչ է արել երաշխիքներ տալ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին, որ նրանք կարող են ապահով ապրել իրենց տներում, և որ նրանց իրավունքները պաշտպանված կլինեն։

Պետքարտուղարը կոչ է արել համընդանուր համաներում կիրառել և միջազգային դիտորդական առաքելություն թույլատրել Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև նշել է Նախագահի հրապարակայնորեն արտահայտված հանձնառությունը՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղում բոլորի ապագան՝ հիմնված խաղաղության, փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա», –ասել է Միլլերը:

Ադրբեջանի նախագահականը հայտնել է, որ զրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից:

 Ուշագրավ
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը
«Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը
---