27 սեպտեմբերի 2023 - 16:44 AMT
ԵՄ․ Բաքուն դեռ թույլ չի տվել միջազգային դիտորդների մուտքը Լեռնային Ղարաբաղ

Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Ադրբեջանը դեռևս թույլ չի տվել անկախ միջազգային դիտորդների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ իրավիճակը մշտադիտարկելու համար։

Նա կոչ է արել Ադրբեջանին տալ այդպիսի հնարավորություն։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին միջազգային հասանելիություն ապահովել դեպի Լեռնային Ղարաբաղ՝ ցուցաբերելու համար անհրաժեշտ օգնությունն ու անկախ մշտադիտարկման նպատակով, մասնավորապես, այն առումով, թե ինչ վերաբերմունք կա տեղի բնակչությանը․․․ Դեռևս նման հնարավորություն չի ապահովվել»,–ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, ԵՄ–ն նաև հանդես է գալիս հրադադարի համաձայնություն տված ԼՂ ուժերի համընդհանուր համաներման օգտին:

«Հիմա ԵՄ–ի, որպես ինստիտուտի և առանձին անդամ պետությունների համար, կարևոր է ապահովել հումանիտար հասանելիությունը բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն Լեռնային Ղարաբաղում։ Եվրահանձնաժողովն արդեն արել է հատկացում, անդամ երկրները ևս պատրաստ են դա անել անհատական կարգով»,–ասել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սեպտեմբերի 26–ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում ասել է, թե Բաքուն պատրաստ է կազմակերպել ՄԱԿ ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27–ին, նրա օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն Լեռնային Ղարաբաղի մասով միջազգային դիտորդական առաքելության կարիք չի տեսնում, քանի որ «իրողությունը տեղերում ակնհայտ է»։