27 սեպտեմբերի 2023 - 17:00 AMT
ՌԴ–ն և Թուրքիան ցավակցել են ԼՂ–ում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի կապակցությամբ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը ցավակցում է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի զոհերի կապակցությամբ։

«Տեսնում ենք, որ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մեղմ ասած, շարունակում է բարդ մնալ։ Առաջին հերթին կցանկանայի ցավակցություն հայտնել պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին և մերձավորներին։ Բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Զախարովան նշել է նաև, որ ռուս խաղաղապահները ակտիվ մասնակցություն են ունեցել հրդեհի մարման աշխատանքներին, 120 վիրավոր տարհանվել է ՀՀ խաղաղապահների ուղղաթիռներով։

Պաշտոնական Անկարան ևս ցավակցություն է հայտնել Ստեփանակերտում բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերի կապակցությամբ։ Այդ մասին հաղորդագրությունը հրապարակված է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական կայքէջում, հայտնում է «Ազատությունը»։

«Մեր ցավակցությունն ենք հայտնում այս ողբերգական դեպքի հետևանքով զոհվածների հարազատներին, ապաքինում ենք մաղթում վիրավորներին։ Թուրքիան պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ օգնություն», - ասված է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով առնվազն 20 զոհ կա, հարյուրավոր վիրավորներ։ Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։ Ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով Հայաստանից մեկնել է Ստեփանակերտ` օգնելու պայթյունից տուժածներին: Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։