27 սեպտեմբերի 2023 - 17:51 AMT
Բռնագաղթած ամեն 3-րդ արցախցին երեխա է. Դպրոց կընդունվեն առանց լրացուցիչ փաստաթղթի

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ Հայաստանի դպրոցները պատրաստ են ընդունել արցախցի երեխաներին՝ լրացուցիչ փաստաթուղթ չի պահանջվի։

Նա նշել է, որ երեխաների թիվը մեծ է՝ արդեն հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարելի է ասել, որ ամեն երրորդն անչափահաս է, հայտնում է «Հետքը»։

«Այս պահի դրությամբ արդեն ունենք դպրոցներ դիմող մոտ 100 քաղաքացի տարբեր մարզերում: Մեր դպրոցները պատրաստված են դրան: Մենք ուղարկել ենք շրջաբերական գրություն, որտեղ հստակ հրահանգներ ենք տվել, թե ինչպես պետք է կազմակերպվի գործընթացը։

Մասնավորապես ուզում եմ տեղեկացնել, որ որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի, և այն ժամանակահատվածում, որ երեխաները կլինեն դպրոցում, առանց որևէ լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու նրանց ընդունումը դպրոց տեղի կունենա։ Միևնույն ժամանակ կարգավորումներ են նախատեսվել բոլոր այն դեպքերի համար, երբ երեխաները կունենան հավելյալ աջակցության կարիք»,–ասել է նախարարը, հայտնում է Factor.am-ը։

Նա նշել է` բոլորս հասկանում ենք, որ երեխաներն անցել են բարդ հոգեբանական դրության, փորձությունների միջով, և կրթության գործընթացն արդյունավետ լինելու համար նաև պետք է դառնա այն դրական ու ապահով միջավայրը, որը կստեղծի նաև սովորելու հնարավորություն:

«Այդ աշխատանքն անելու ենք ոլորտում գործող մասնագիտացված կառույցների հետ: Գիտեք, որ մենք ունենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ. բոլոր մասնագետները պատրաստ են, եկող շաբաթից մենք կմեկնարկենք նաև վերապատրաստման ծրագրեր ուսուցիչների համար՝ աջակցելու նրանց այս իրավիճակում կարողանալ նաև համապատասխան միջավայր ձևավորել երեխաների համար: Կարծում եմ՝ մեր բոլոր դպրոցները, ուսուցիչները, սովորողները ջերմությամբ, հոգատարությամբ կընդունեն ցանկացած երեխայի, որն այսօր այս դժվարին իրավիճակում հայտնվում է մեր դպրոցներում»,- նշել է նախարարը:

Նա նաև նշել է, որ համագործակցում են ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների հետ և նաև հավելյալ ծրագրեր են լինելու, որոնք կվերաբերեն հավելյալ կրթական աջակցությանը:

«2023 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ ԼՂ-ում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ մոտ 21 հազար սովորողներով: Ուսուցիչների թիվը եղել է 1500-ին մոտ: Ես կարծում եմ, որ մեր համակարգը, հատկապես որ մենք անընդհատ խոսում ենք ուսուցիչների պակասի մասին, իհարկե, պատրաստ կլինի և ուրախ կլինի մեր ուսուցիչներին բոլոր անհրաժեշտ ուղղություններով ներգրավելու: Մենք առանձին ծրագիր ենք պատրաստում այս ուղղությամբ, որ կարողանանք ավելի հարթ կազմակերպել այս գործընթացը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: