27 սեպտեմբերի 2023 - 18:23 AMT
Փաուերն ու Քիմը Բաքվում են՝ պաշտոնյաների հետ քննարկելու են իրավիճակը ԼՂ–ում

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը Բաքվում են, հայտնում է Interfax.az-ը՝ USAID–ին հղումով։

Նրան, ԱՄՆ պետդեպի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյին արդեն ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նշվում է, որ Փաուերը հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ, որոնց ընթացքում քննարկվելու է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։

«Իր այցի ընթացքում Փաուերը նաև կքննարկի կայուն խաղաղության հեռանկարները Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ հիմնված ինքիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգանքի վրա»,–ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանից առաջ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերը և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմը Հայաստանում էին՝ հաստատելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդավարությանը, ինչպես նաև քայլեր ձեռնարկելու Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին բռնություններից բխող հումանիտար կարիքների բավարարման ուղղությամբ: