27 սեպտեմբերի 2023 - 18:33 AMT
Թոմ Քաթինան անըմբռնելի է համարում Վարդանյանի հետ կատարվածը, Լեմկինի ինստիտուտը խորապես մտահոգված է

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին մրցանակակիր, հայտնի բժիշկ Թոմ Քաթինան անըմբռնելի է համարում այն, ինչ տեղի է ունեցել ԱՀ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ, որին Լաչինի անցակետում ձերբակալել են ադրբեջանցիները։ Այդ մասին Քաթինան գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Անհավատալի է… Ցասում և կոտրված սիրտ: Ռուբեն Վարդանյանը կարեկից և անձնվեր մարդ է, որը հենարան է եղել Արցախի ժողովրդին։ Այն, ինչ տեղի է ունեցել, ըմբռնման սահմաններից դուրս է: Աղոթում եմ Ռուբենի և նրա ընտանիքի համար»,– ասվում է գրառման մեջ։

Իր հերթին, Լեմկինի ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնել Ռուբեն Վարդանյանի ձերբակալության փաստով, հայտնում է Sputnik Արմենիան։

«Վարդանյանը, որը միշտ բացահայտ պաշտպանել է Արցախի ինքնորոշման իրավունքը, Ադրբեջանի առանձնահատուկ ատելությանն է արժանացել։ Նա և Արցախի կառավարության ու ինքնապաշտպանության բանակի ներկա և նախկին անդամներ կոչվել են «անջատողականներ և ահաբեկիչներ»… Որակումներ, որոնք պետություններն օգտագործում են ապօրինի ձերբակալություններն ու սպանություններն արդարացնելու համար»,– ասված է հայտարարությունում։

Ինստիտուտից նշել են, որ Վարդանյանի կյանքի և անվտանգության համար մտահոգությունն արդարացված է` հատկապես հաշվի առնելով այն վերաբերմունքը, որին արժանանում են 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ ռազմագերիները:

«Դա լավ փաստագրված է»,– ընդգծել է Լեմկինի ինստիտուտը։

Կառույցը Ռուսաստանի և ԱՄՆ, ինչպես նաև աշխարհի մյուս բոլոր առաջնորդներին կոչ է անում, որպեսզի պահանջեն Ռուբեն Վարդանյանի անվտանգ տեղափոխումն Ադրբեջանից, իսկ Արցախի կառավարության մյուս անդամների, ինչպես նաև պաշտպանության բանակի զինծառայողներն անարգել դուրս գան Արցախից։

Վարդանյանի պաշտպանության համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ՝ Բաքվից պահանջելով տեղեկություններ տրամադրել, թե ուր են նրան տարել և ինչ վիճակում է։

Ադրբեջանը հաստատել է Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու տեղեկությունը։ Պետական սահմանային ծառայության արագ արձագանքման ուժերի անդամների ուղեկցությամբ նրան տեղափոխել են Բաքու։ Նշվում է, որ Վարդանյանը հանձնվել է համապատասխան մարմիններին՝ նրա վերաբերյալ որոշում կայացնելու համար։

Ռուբեն Վարդանյանի կինը Վերոնիկա Զոնաբենդը հայտարարություն էր տարածել նշելով, որ առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։