27 սեպտեմբերի 2023 - 18:34 AMT
«Գազպրոմ Արմենիան» պատրաստ է փոխհատուցել Արցախից տեղահանված 300 ընտանիքի կեցավայրի վարձի և կոմունալ ծախսերը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պատրաստ է ՀՀ մարզերում կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել տեղահանված 300 ընտանիքի՝ համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից հաշվառված տվյալների: Այդ մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունում ձևավորված օպերատիվ շտաբը քննարկել է մի շարք աջակցության ծրագրեր՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու նպատակով:

Նախատեսվում է նաև հնարավորինս կարճ ժամկետներում կազմակերպել ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» պանսիոնատի շահագործումն ու ենթակառուցվածքների վերականգնումը՝ տեղահանված ընտանիքներին լրացուցիչ կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար:

«Զուգահեռ գույքագրվում են կարճաժամկետ աջակցության համար նախատեսվող այլ ռեսուրսներ՝ համակարգող մարմինների կողմից ներկայացվող կարիքներին համապատասխան»,–ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: