28 սեպտեմբերի 2023 - 11:42 AMT
Փաշինյան․ Առաջիկա օրերին ԼՂ–ում այլևս հայ չի մնա՝ սա էթնիկ զտման և հայրենազրկման ակտ է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է՝ վերլուծությունները ցույց են տալիս, որ առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում այլևս հայ չի մնա։

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

«Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է և այն, ինչի մասին մենք երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը։ Միջազգային տարբեր խաղացողների կողմից Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկ զտումները դատապարտող հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չհետևեն կոնկրետ գործողություններ, այդ հայտարարություններն ընդամենը պատմության համար բարոյական վիճակագրություն ստեղծելու շարքում կդիտվեն»,– ասել է Փաշինյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա շեշտել է՝ առանց կոնկրետ գործողությունների և զուտ հայտարարություններով միջազգային տարբեր երկրներ իրենց այս հանցագործությունից պաշտոնապես տարանջատելու հնարավորություն են փորձում ունենալ, որ կարողանան ասել՝ «դե, մենք դատապարտել ենք»։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից: