ԶԼՄ. Շահրամանյանը Բաքվի հետ բանակցում է ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար

ԶԼՄ. Շահրամանյանը Բաքվի հետ բանակցում է ԼՂ ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար

PanARMENIAN.Net - ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանն ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանն Արցախից անվտանգ դուրս բերելու համար, հայտնում է «Ազատությունը»։

Արցախցի պաշտոնյան, ով ցանկացել է անանուն մնալ, լրատվամիջոցին ասել է, որ ձերբակալման վտանգի տակ են նաև Արցախի երեք նախկին նախագահը՝ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին արտգործնախարար և Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։ Բացի այդ, Ադրբեջանը մոտ 200 հայի ցուցակ ունի, որոնց ցանկանում է կալանավորել՝ տարբեր հոդվածներով։

Հաղորդվել է նաև Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Եվլախում կայացած ևս մեկ հանդիպման մասին։ Հստակ չէ՝ ինչ հարցեր են քննարկվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից:

 Ուշագրավ
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը
«Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը
---