Տիգրան Աբրահամյան․ Իսկ Անդրանիկ Քոչարյանը համարձակություն ունե՞ր ինքնասպանության մղելու իր թիմակիցներին և խմբապետին

Տիգրան Աբրահամյան․ Իսկ Անդրանիկ Քոչարյանը համարձակություն ունե՞ր ինքնասպանության մղելու իր թիմակիցներին և խմբապետին

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի Արցախի նախագահին ուղղված ինքնասպանության կոչին, գրել է, թե արդյոք Քոչարյանը տղամարդկություն ունեցե՞լ է իր խմբապետին նման առաջարկ անելու, երբ նա հայտարարեց Արցախի հանձնման իր մտադրության մասին և իրագործեց։

«Անդրանիկ Քոչարյանը Արցախի նախագահին ինքնասպանության կոչ է արել` համարելով, որ ստեղծված իրավիճակում ելքը դա է:

Իսկ Անդրանիկ Քոչարյանը տղամարդկություն ունեցել է՞ իր խմբապետին նման առաջարկ անի, երբ Նիկոլը հայտարարեց Արցախի հանձնման իր մտադրության մասին և իրագործեց:

Անդրանիկ Քոչարյանն այդքան համարձակություն ունե՞ր ինքնասպանության մղել իր այն թիմակիցներին, ովքեր Արցախի ապագան տեսնում էին Ադրբեջանի կազմում և դրա համար ամեն ինչ արեցին:

Վերջապես որպես իշխող քաղաքական ուժի առանցքային անդամ ինքն իր հետ ինչ է պատրաստվում անել Անդրանիկ Քոչարյանը այս 5 տարվա ընթացքում հայ ժողովրդին անվերջ պարտություններ բերելու, հազարավոր զոհեր պատճառելու և սեփական ժողովրդի նկատմամբ թշնամություն սերմանելու համար»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Արցախի նախագահի ստորագրած ԱՀ լուծարման հրամանագրի մասին, ասել է, որ «Սամվել Շահրամանյանը ինքնասպան լիներ՝ ավելի ճիշտ էր»։

«Գիտես չէ՞, եթե չէիր ստորագրում, դու հեռանկար էիր թողնում ինձ ու քեզ, քո երեխեքին, իմ երեխեքին: Բայց երբ ստորագրում ես, լուծարվում է պետություն, որտեղ ո՞վ ես դու, ա՛յ տղա, քեզ որտեղի՞ց հայտնաբերեցին»,–ասել էր նա։

 Ուշագրավ
---