30 ապրիլի 2009 - 00:44 AMT
Տարածաշրջանում գերիշխող տերություններ կդառնան Թուրքիան եւ Ռուսաստանը
1915 թվականին Օսմանյան կայսրությունում մոտ մեկ միլիոն քրիստոնյա հայերի ոչնչացումից գրեթե հարյուր տարի անց, Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը եւ վերջինիս հայ գործընկեր Սերժ Սարգսյանը բեկման են հասել իրենց ծայրահեղ նրբանկատ բանակցություններում, The New York Times թերում «Հայ-թուրքական բանակցություններ.«խաղադրույքներ բարձր են» հոդվածում գրում է Ջու Դեմփսին:

«Անցյալ շաբաթ, նրանք մշակել էին «ճանապարհային քարտեզ», որը կարող է հանգեցնել դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանն ու սահմանի բացմանը: Եթե համաձայնագիրը հաջողություն ունենա, ապա դա մեծ նշանակություն կունենա ողջ տարածաշրջանի համար: Այդ դեպքում, տարածաշրջանում Միացյալ Նահանագներն ու Եվրամիությունն իշխող դիրք չեն զբաղեցնի, նրանց դերն այդ խաղաղ գործընթացում շատ փոքր է: Գերիշխող տերություններ կդառնան Թուրքիան եւ Ռուսաստանը` երկու նախկին մեծ կայսրություններ, որոնք ձգտում են վերականգնել իրենց ազդեցությունը գազով եւ նավթով հարուստ ու դեպի Եվրոպա տարանցման կարեւոր երթուղի հանդիսացող տարածաշրջանում: Գլխավոր հաղթողը կարող է դառնալ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` Թուրքիայի վարչապետն ու Արդարության ու զարգացման իսլամական կուսակցության առաջնորդը», - գրում է Դեմփսին:

Դրա հետ մեկտեղ նա նշում է, որ բանակի ազդեցության տակ Թուրքիայի իրար հաջորդող բոլոր կառավարությունները Հայոց ցեղասպանությունը չճանաչելը համարում էին ազգային հպարտության գործ, եւ նույնիսկ հայերի կոտորածի մասին հիշատակումը սահմանվել էր որպես հանցագործություն: Էրդողանն արդեն իսկ հարկադրված էր շատ մեծ քայլ կատարել, երբ իր համաձայնություն էր տվել թուրք-հայկական հատուկ պատմական հանձնաժողովի ստեղծմանը, այն նպատակով, որպեսզի այդ հարցն ի չիք չդարձներ դիվանագետների ջանքերը:

«Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ առաջխաղացումը նյարդայնացնում է Արդբեջանին: Վերջինս երկյուղ է կրում, որ Թուրքիան եւ Հայաստանը կկարգավորեն հարաբերություններն առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման: Հնարավոր օգուտը մեծ է: Ադրբեջանը կվերականգներ իր տարածքի մեծ մասի վերահսկողությունը, իսկ Ռուսաստանն առավել ուժեղ դիրք կզբաղեցներ Ադրբեջանի հետ էներգետիկ պայմանագրերի կնքման հարցում, չնայած նույնիսկ նրան, որ Ադրբեջանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ եվրոպական Nabucco խողովակաշարի համար գազի մատակարարումների շուրջ: Ռուսաստանը նաեւ կարող է դառնալ ցանկացած խաղաղ համաձայնագրի երաշխավորը`Ղարաբաղ ուղղորդելով իր խաղարար զորքերը եւ դրանով ամրապնդելով իր ազդեցությունը տարածաշրջանում: Եվ վերջապես, Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կթուլացներ նաեւ Վրաստանին, որի տարածք անցյալ տարվա օգոստոսին ներխուժել էր Ռուսաստան: Եթե սահմանը կրկին բացվի, ապա Հայաստանը կարող է նոր երթուղի հանդիսանալ էներգակիրների եւ այլ ապրանքների տարանցման համար, ինչը կմարգինալացնի Վրաստանին:

Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի համար այդ ողջ գործընթացի արդյունքը կարող է միանշանակ չլինել: Անկայուն Հարավային Կովկասը, որտեղ ծաղկում է կոռուպցիան, թմրանյութերի մաքսանենգությունն ու մարդկանց առեւտուրը, իսկ պետական իշխանության մարմիններն արդյունավետ չեն գործում, կարող էր առավել խաղաղ եւ հարուստ դառնալ: Սակայն եթե Միացյալ Նահանգներն ու Եվրոպան չարձագանքեն Թուրքիայում տեղի ունեցող խոշոր փոփոխություններին, ապա կարող են կորցնել իրենց աղդեցության զգալի մասը, երբ Թուրքիան եւ Ռուսաստանը` նոր տարածաշրջանային գերտերությունները, վերադառնան ազդեցության իրենց պատմական ոլորտներ», - ընդգծվում է հոդվածում: