3 հոկտեմբերի 2023 - 12:36 AMT
ՀՀ-ից ՌԴ արտահանվող կոնյակը հսկվում է. Մոտ 60 բեռնատար սպասում է Վերին Լարսում

Հայաստանից Ռուսաստան մեկնող մոտ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության: Այդ տեղեկությունը հաստատել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը, հայտնում է Արմենպրեսը:

Նրա տվյալներով՝ մոտ 60 մեքենա սպասում է հսկողության ավարտին:

«Կոնյակի նկատմամբ հսկողությունը շատ շուտ է սկսվել Ռուսաստանում: Մարտ-ապրիլ ամիսներից ռուսական մաքսային ծառայությունը մաքսային հսկողություն է սկսել իրականացնել Հայաստանից ներմուծված կոնյակների նկատմամբ: Դա բացատրում են նրանով, որ հայտնաբերել են խախտումներ՝ կեղծ կոնյակներ և այլն: Մի քանի օր առաջ հսկողությունն ավելի են ուժեղացրել: Եթե նախկինում հսկողությունն իրականացվում էր կոնկրետ ինչ-որ արտահանողների կամ ներմուծողների նկատմամբ, այս պահին Հայաստանից եկող ամբողջ կոնյակը ենթարկվում է մաքսային հսկողության»,-ասել է Հակոբյանը:

Նա բացատրել է, որ հսկողությունը լինում է երկու տեսակի՝ փաստաթղթային կամ զննում: Զննման արդյունքում հնարավոր է որոշում կայացվի ապրանքն ուղարկել փորձաքննության: Երբ ապրանքն ուղարկվում է փորձաքննության, մեքենաները ստիպված են լինում սպասել անցակետում մինչև պատասխանների գալը: Մաքսային կցորդի խոսքով՝ մեքենաների կուտակումների պատճառը հիմնականում հենց դա է լինում, որ սպասում են փորձաքննության պատասխանին: Այն կարող է տևել 1 շաբաթից մինչև 1 ամիս:

«Բայց դա նաև չի խանգարում, որ մեքենաները շարունակեն ձևակերպվել և դուրս գալ, որովհետև Հայաստանից Ռուսաստան մտնող բեռները բնականոն կերպով ձևակերպվում և մտնում են Ռուսաստան: Ընդհանուր ծավալի վրա դա չի ազդում»,-նշել է Հակոբյանը:

Անդրադառնալով հնչող տեսակետին, թե այս ձևով Ռուսաստանը «տնտեսական պատժամիջոց» է կիրառում Հայաստանի նկատմամբ՝ մաքսային կցորդն ընդգծել է, որ ռուս գործընկերների հետ աշխատելու ընթացքում հիմնավորվում է, որ հայտնաբերվում են խախտումներ՝ կեղծ կոնյակներ, բաղադրության հետ կապված խախտումներ: Եվ հաշվի առնելով, որ հսկողությունը նոր չի դրվել, այլ՝ մարտ-ապրիլ ամիսներից՝ նա ենթադրում է, որ ռուսական կողմն իր հսկողության մեջ օբյեկտիվություն ունի:

Պատասխանելով հարցին, թե արդյոք արհեստականորեն խոչընդոտներ առաջացնելու միտում չի՞ տեսնում՝ Հակոբյանն ասել է՝ եթե Հայաստանում էլ ինչ-որ ապրանքի մեջ խախտումներ են հայտնաբերվում, բոլոր դեպքերում հսկողությունն ուժեղացվում է:

«Խախտումները շատացել են, դրանի՞ց է հսկողությունն ուժեղացել, թե՞ ինչ-որ քաղաքական ենթատեքստ կա, չեմ կարող պատասխանել հարցին, որովհետև այդ տեղեկությանը չեմ տիրապետում»,-ասել է կցորդը:

Վերին Լարսի անցակետով Հայաստանից Ռուսաստան այլ բեռներ տեղափոխող բեռնատարների հետ կապված խնդիրների մասին տեղեկություններ չեն ստացվել: Այս պահին շատ մեծ ծավալով հայկական բեռները մտնում են Ռուսաստան: Մաքսային կցորդի խոսքով՝ թողունակության այսպիսի ծավալ չի եղել երբևիցե: Այս պահին օրական միջինը 200 բեռնատար մտնում է Ռուսաստան: